Թրամփն առաջարկել է ձերբակալել կոնգրեսական Շիֆին պետական դավաճանության համար

«Կոնգրեսական Ադամ Շիֆն անօրինականորեն կեղծ ու ահավոր հայտարարություն է հորինել՝ այն ներկայացնելով որպես իմ հայտարարությունը և Ուկրաինայի նախագահի հետ իմ խոսակցության ամենակարևոր մասը »,- նշել է ԱՄՆ ղեկավարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին առաջարկել է պետական դավաճանության համար ձերբակալել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից)՝ նրա կողմից ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցի փաստերի խեղաթյուրման պատճառով: Այդ մասին նա երկուշաբթի օրը գրել է Twitter-ում՝ տեղեկացնում է TASS-ը։

«Կոնգրեսական Ադամ Շիֆն անօրինականորեն կեղծ ու ահավոր հայտարարություն է հորինել՝ այն ներկայացնելով որպես իմ հայտարարությունը և Ուկրաինայի նախագահի հետ իմ խոսակցության ամենակարևոր մասը: Եվ նա դա ընթերցել է Կոնգրեսի և ԱՄՆ ժողովրդի համար: Դա ոչ մի առնչություն չուներ այն բանի հետ, ինչ ես ասել եմ հեռախոսով: Ձերբակալությո՞ւն դավաճանության համար»,- նշել է պետության ղեկավարը: Անցած շաբաթ Թրամփը կոչ էր արել Շիֆին՝ հրաժարական տալ:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով, գանգատը փոխանցել են իրենց՝ ծանոթանալու համար, իսկ սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում:

Նաև ամերիկյան ԶԼՄ-ները պնդում էին, որ ԱՄՆ նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիևին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետևում է, որ Թրամփն, իրոք, խնդրել է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում:

Նրանց կարծիքով՝ Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար։