Նախկինների հետ «հաշվեհարդարի» նոր ճանապարհ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, բայց ինչն է աբսուրդ, որ մայրաքաղաքում թանկարժեք գույք ունեն ոչ միայն նախկին օլիգարխներն ու պաշտոնյաները, այլեւ շարքային քաղաքացիներ և բոլորովին ապաքաղաքական շրջանակներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 2: Դեմ էին Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք ասում էին, որ օրենքը Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում։ Արարատ Միրզոյանը ասաց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի այդ հարցի լուծմանը:

ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:
«Սկսած բազային դրույքաչափից՝ տարբեր հաշվարկներ պետք է լինեն, իսկ սահմանադրականության հետ կապված հարկերը սահմանում է օրենսդիրը: Մենք քննարկելու բան էլ չունենք համապատասխան հանձնաժողովում, հետևաբար, եկեք հետաձգենք, Կառավարությունը համապատասխան կարգավորումները բերի, մտցնի օրենքի մեջ, տեխնիկական բաներն օրենքում են, բուն միտքը մնացել է Կառավարության որոշմամբ: Ես չեմ կարծում, որ նման կարգի օրենքներն ԱԺ-ն պետք է ընդունի»,- ասաց Գորգիսյանը։

ԲՀԿ-ն նույնպես նախագիծը թերի համարեց, սակայն կողմ քվեարկեց՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար: Խնդիրն այն է, որ օրենքը նախեւառաջ վերաբերում է մեծահարուստներին, թանկարժեք հողամասեր, առանձնատներ ունեցողներին: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո նրանց համար գույքահարկի նոր սիստեմ է գործելու, բնականաբար, ավելի շատ հարկեր կվճարեն, քան այսօր է: Իշխանությունը ցանկացած ճանապարհ օգտագործում է նախկինների դեմ, բայց որ կանցներ նաեւ հակասահմանադրական ճանապարհով, անհավատալի էր: Բայց ինչն է աբսուրդ, որ Մայրաքաղաքում թանկարժեք գույք ունեն ոչ միայն նախկին օլիգարխներն ու պաշտոնյաները, այլեւ շարքային քաղաքացիներ, գուցե բոլորովին ապաքաղաքական շրջանակներ, որոնք գույքը ձեռք են բերել տասնամյակներ առաջ, կամ ժառանգություն են ստացել:

Հիմա ինչ, այս մարդիկ էլ պետք է տուժեն ու դառնան ինչ-որ մարդկանց քաղաքական հաշվարկների գերին:

Անի Սահակյան