Facebook-ը առցանց ծանոթությունների ծառայություն է գործարկել

Այժմ Dating-ի հաշվում կարելի է ներառել Instagram-հաղորդագրությունները

Facebook-ի առցանց ծանոթությունների ծառայությունն այժմ հասանելի կլինի ԱՄՆ-ի օգտատերերին, հայտնում է РБК-ն։

ԱՄՆ-ը դարձել է 20-րդ երկիրը, որի ինտերնետ-օգտատերերը հասանելիություն են ստացել Dating ծառայությանը։ Ավելի վաղ այն հայտնվել էր Արգենտինայում, Կանադայում, Մալայզիայում, Սինգապուրում, Վիետնամում եւ այլուր։

Facebook Dating-ից կարող են օգտվել 18-ից բարձր տարիք ունեցող ամերիկացիները, որոնք Facebookում էջ ունեն։ Նրանք առանց սոցցանցի բջջային հավելվածից դուրս գալու կարող են հաշիվ բացել։ Միաժամանակ, ծրագրի ստեղծողները հայտնել են, որ այս էջը առանձին կլինի օգտատիրոջ հիմնական էջից։

Այժմ Dating-ի հաշվում կարելի է ներառել Instagram-հաղորդագրությունները։ Ընկերությունում նաեւ հայտարարել են, որ տարվա վերջին հնարավոր կլինի այդ հաշիվը ավելացնել Facebook-ի եւ Instagram-ի պատմություններում։ Ծառայությունը նաեւ թույլ է տալիս Secret Crush («Գաղտնի սիրահարվածություն») ցուցակում ավելացնել ընկերներին եւ հետեւորդներին երկու սոցցանցից էլ։

Dating-ը հավաքում է այլ օգտատերերի անկետաները՝ հիմնվելով նախասիրությունների եւ հետաքրքրությունների վրա, որոնք նշել են հաշիվների սեփականատերերը։ Դուր եկած հաշվի սեփականատիրոջ հետ կապվելու համար բավական է մեկնաբանություն թողնել կամ սեղմել «հավանել» կոճակը։

Reuters-ի տվյալներով, Dating-ի աշխատանքի մեկնարկը հայտարարելուց հետո ԱՄՆ-ի տարածքում Facebook-ի արժեթղթերը 2 տոկոսով աճել են։