ԱՄՆ-ում երկգլխանի կրիա է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիլթոն Հեդ կղզու Sea Turtle Patrol կոչվող կրիաների պահպանությամբ զբաղվող կառույցի ղեկավար Ամբեր Քյոհնն ասել է, որ սա, անշուշտ, հազվագյուտ դեպք է, սակայն, չնայած այն հանգամանքին, որ որոշ մարդիկ պնդում են, թե սա ճառագայթման հետևանք է

ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում երկգլխանի մուտանտ կրիա է հայտնաբերվել, որը, ի զարմանս բնապահպանների մի ստվար հատվածի, հարաբերականորեն բնականոն կենսակերպ է վարում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Տարօրինակ այս արարածը հայտնաբերվել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Հիլթոն Հեդ կոչվող կղզու ափերին:

Չնայած կենդանու ոչ սովորական տեսքին՝ փորձագետները կարծիք են հայտնում, որ այս առնչությամբ անհանգստանալու կարիք չկա, և նշված անոմալիան հարաբերականորեն նորմալ է:

Հիլթոն Հեդ կղզու Sea Turtle Patrol կոչվող կրիաների պահպանությամբ զբաղվող կառույցի ղեկավար Ամբեր Քյոհնն ասել է, որ սա, անշուշտ, հազվագյուտ դեպք է, սակայն, չնայած այն հանգամանքին, որ որոշ մարդիկ պնդում են, թե սա ճառագայթման հետևանք է, պետք է նշել, որ նման երևույթներ բնության մեջ ժամանակ առ ժամանակ հանդիպում են:

«Երբ որևէ բնում նոր ձվեր ենք նկատում, մենք երեք օր որևէ միջամտության չենք դիմում՝ փորձելով թույլ տալ՝ ամեն ինչ տեղի ունենա բնականոն ճանապարհով: Այնուհետև, մենք սկսում ենք ուսումնասիրել. հաշվում ենք դատարկ պատյանները, ձվերը, որոնք պտուղ չեն տվել, նորելուկ կենդանիներին և նրանց, որոնց չի հաջողվել գոյատևել: Այս պարագայում մենք բախվեցինք հետևյալ իրավիճակին՝ երկգլխանի կրիան բնականոն ճանապարհով դուրս գալու հնարավորություն չուներ, և անհրաժեշտ էր կոմնակի միջամտություն»,- հայտնել են կառույցից:

Կրիային հայտնաբերող անձնակազմի անդամներն ասել են, որ լողաթևերից մեկը ղեկավարվում է կրիայի աջ գլխի կողմից, իսկ մյուսը՝ ձախի: 

Կրիային դնելով ջրի մեջ՝ անձնակազմի անդամները հասկացել են, որ այն չի կարող սովորական եղանակով լողալ լողաթևերի տարբերության պատճառով:

Կրիայի հետագա «ճակատագրի» հետ կապված Քյոհնն այդքան էլ լիահույս չէ, քանի որ նրա խոսքով՝ նույնիսկ առողջ կրիաների դեպքում 100-ից մեկն է գոյատևում:

Այս կրիան նույնիսկ առողջ լինելու պայմաններում ողջ մնալու քիչ շանսեր ունի, քանի որ դեռ Հարավային Կարոլինայից դեպի Գոլֆսթրիմ պետք է լողա: Այն սովորաբար երեք օր է տևում, իսկ այդ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել կրիայի հետ. այն կարող է դառնալ ձկների և այլ ջրային կենդանիների «զոհը»: Այսպիսով, 100 կրիաներից միայն 1-ին է առահասարակ հաջողվում «հաղթահարել» այդ ճանապարհը:

Սա Ամբեր Քյոհնի քսանմեկամյա կարիերայի ընթացքում հանդիպած ամենատարօրինակ մուտացիաներից մեկն է:

«Ես հանդիպել եմ կրիաների, որոնք դուրս են եկել առանց գլխի, կրիաների, որոնց լողաթևերը զարգացած չեն եղել և հետևաբար՝ նրանք չեն կարողացել լողալ, սակայն այս դեպքում, կարծում եմ, գործ ունենք գենետիկ մուտացիայի հետ»,-ասել է Ամբեր Քյոհնը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: