Վաղը եթե որոշեն դասագրքերում գրել, որ Տիգրան Մեծը եղել է Փաշինյանի պապը, զարմանալի չի լինի

Մարտի 1-ի մասին՝ նա զարմացավ, թե ինչու են կրակրողներին բանակի մեջ փնտրում, և չբացառեց երրորդ կողմի առկայությունը՝ հիշեցնելով Ուկրաինայի օրինակը

«Ինձ համար բոլորովին անհասկանալի է վերջին ինֆորմացիան` կապված մեր սուպերնախարարի հետ, որ որոշել է վերագրել պատմության դասագրքերը՝ համարելով, որ այդ դասագրքերում սին ինֆորմացիա է, և պետք է վերափոխել: Պատկերացնո՞ւմ եք, որ մեզանից յուրաքանչյուրը որոշի պատմությունը վերագրել և իրեն հարմարեցնել: Հիմա մենք ինչու ենք եկել իշխանություն, որ կարողանանք հիմնովին, արխիվներով մեզ արդարացնել, թե եկել ենք երկիր կառավարելու համար:

Հիմա վաղը եթե որոշեն, որ այդ դասագրքերում պետք է գրվի, որ Տիգրան Մեծը եղել է Նիկոլ Փաշինյանի պապը, ես դրանից չեմ զարմանա»,- լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով պատմության դասագրքերի բովանդակության փոփոխության մասին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ պատմության դասագրքերը դեռ չեն տպվում, քանի որ վիճելի հարցեր կան՝ Մարտի 1-ի, ընտրությունների և քաղաքական գնահատականների վերաբերյալ:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե խնդիրը տեսնում է Մարտի 1-ին վերաբերող դրվագի շուրջ, Մ. Մադաթյանը նշեց՝ նաև, քանի որ Մարտի 1-ի հարցը, ըստ նրա՝ վիճահարույց է. «Մարտի 1-ը շահարկվում է մի հոգուն բանտում պահելու համար: Մեկ հոգու համար վենդետա իրականացնելու գործընթաց է»:

ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը թեմային անդրադառնալով՝ հայտնեց. «Երբ մի հարց է առաջ բերվում, և բոլորը լծվում են դրա մասին խոսելուն, չես հասկանում՝ ինչո՞ւ էր դրա անհրաժեշտությունը հենց այս պահին, արդյո՞ք կրթության ոլորտում պատմության դասագրքում մի քանի տող փոխելն է մեր խնդիրը»:

Խոսելով Մարտի 1-ի մասին՝ նա զարմացավ, թե ինչու են կրակրողներին բանակի մեջ փնտրում, և չբացառեց երրորդ կողմի առկայությունը՝ հիշեցնելով Ուկրաինայի օրինակը: