Լիբիական ազգային բանակի անօդաչուն հարվածել է հարսանիքի հյուրերի ուղղությամբ

Ավիահարվածի հետևանքով 42 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, որոնցից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Լիբիական ազգային բանակին պատկանող անօդաչուի հարձակման հետևանքով հարսանիքի մասնակիցներ են զոհվել:

Ինչպես տեղեկացնում է «Ալ-Ջազիրա» պարբերականը, ավիահարվածի հետևանքով 42 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, որոնցից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես նշել է տեղի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը, այս թվերը նախնական հաշվարկն են ցույց տալիս:

Մասնավորեցվում է, որ Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությունը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչված իշխանություն է, ավիահարվածի համար մեղադրել է գեներալ Հաֆթարին ենթակա բանակին:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Լիբիական ազգային բանակը հաստատել է անօդաչուի գործարկման հանգամանքը, բայց հերքել է, որ թիրախը քաղաքացիներն են եղել:

Նշվում է, որ Հավթարին ենթակա ուժերի կողմից Տրիպոլիի վրա հարձակումներ իրականացնելու հետևանքով սկսած ապրիլի 4-ից արդեն 1100-ից ավելի մարդ է մահացել: