Նվիրվածություն առանց սահմանների. ջրհեղեղի մասին լուսաբանող պակիստանցի լրագրողը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ջրից դուրս պահելով բարձրախոսը՝ թղթակիցը ներկայացրել է, որ Ինդոս գետից վարարման հետևանքով առաջացած հեղեղաջրերը ծածկել են «հազարավոր ակր գյուղատնտեսական տարածքներ» և սպառնում են հեղեղել բնակելի տարածքները

Պակիստանցի հեռուստատեսային լրագրող Ազադար Հուսեյնը հայտնվել է համաշխարհային մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում՝ օրերս տեղի ունեցած ջրհեղեղի մասին լուսաբանելով մինչև պարանոցը ջրի մեջ գտնվելով:

Ինչպես ներկայացնում է Euronews-ը, Ազադարը լուրերը հաղորդելիս է եղել երկրի կենտրոնական տարածաշրջանից: Ուղիղ կապով միանալով թղթակցին՝ GTV տեղական հեռուստաալիքի մեկնաբանը նշել է, որ իրենց լրագրողը ջուրն է մտել՝ բացատրելու համար, թե ինչ դժվարություններ է կրում տեղի բնակչությունը:

Ջրից դուրս պահելով բարձրախոսը՝ թղթակիցը ներկայացրել է, որ Ինդոս գետից վարարման հետևանքով առաջացած հեղեղաջրերը ծածկել են «հազարավոր ակր գյուղատնտեսական տարածքներ» և սպառնում են հեղեղել բնակելի տարածքները:  

Նա նշել է, որ տեղի բնակիչների խոսքով՝ իշխանությունները որևէ գործողություն չեն ձեռնարկել, և անձրևաջրերը հասնում են բնակելի տարածքին:

Համացանցի օգտատերերը, որոնք հասցրել են տեսնել լրագրողի անձնուրաց քայլը, գովաբանել են նրան իր թափած ջանքերի համար՝ նշելով, որ նրա «նվիրվածությունը սահմաններ չի ճանաչում», և որ նա «լրագրությունը նոր մակարդակի է հասցրել»: