Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունն ապագայում կճանաչի Արցախի անկախությունը․ Գլեդիս Բերեջիկլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Բերեջիկլյանի խոսքով՝ Հայաստան իր այս այցի շրջանակում նկատել է՝ հայ ժողովրդի մոտ դրական սպասումներն ավելացել են

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ Հայաստան իր այս այցի շրջանակում նկատել է՝ հայ ժողովրդի մոտ դրական սպասումներն ավելացել են: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե, չի կարող համեմատել Հայաստանն իր երկրի՝ Ավստրալիայի հետ՝ պատմություններն են տարբեր, բայց հույս ունի, լավատես է, որ հայ ժողովրդի վիճակն էլ կարող է լավանալ:

«Այս անգամ իսկապես նկատում եմ, որ հայ ժողովուրդը մեծ հույս ունի ապագայի նկատմամբ և ավելի լավ է ապրում»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ հիմա Հայաստանի դիրքը կարող է բարձրանալ միջազգային ասպարեզում: «Արդեն շատերը տեսնում են, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում և ինչ խաղաղ ձևով: Շատերը հարցնում են՝ այս ի՞նչ երկիր է, ի՞նչ փոփոխություններ է անցկացրել, ի՞նչ պատմություն ունի, ու՞ր է գնում: Կարծում եմ՝ միջազգային մեծ հետաքրքրություն է առաջացել Հայաստանի նկատմամբ, ինչը լավ է»,- ասաց նա՝ նշելով, որ շատերը, այդքանը հաշվի առնելով, գուցե մտածեն՝ իրենք էլ գան Հայաստան, այստեղ բիզնես հիմնեն, ներդրումներ անեն:

Գլեդիս Բերեջիկլյանը հավատացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կակտիվանան Հայաստանի և Ավստրալիայի պաշտոնյաների միջև փոխայցելությունները: Նա նաև նշեց, որ այդ հարցն արդեն քննարկել է Հայաստանի բարձրաստիճան այրերի հետ:

«Հուսամ, որ մեր հանդիպումներն առաջիկայում կլինեն  պաշտոնական մակարդակով: Հիմա ես եկել եմ որպես անպաշտոն անձնավորություն, շատ ուրախ ձևով, բայց հույս ունեմ, որ կկարողանանք ավելի պաշտոնական կերպով հարաբերություններ ստեղծել, անշուշտ, Ավստրալիայի և Հայաստանի կառավարության, բայց նաև՝ իմ նահանգի հետ: Իմ նահանգն ամենամեծն է Ավստրալիայում՝ ամենամեծ բնակչությամբ, ես վստահ եմ, որ ապագայում կարող ենք մեր հարաբերություններն ավելի պաշտոնական մակարդակի վրա դնել»,- ասաց նա:

Նոր Հարավային Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունն ու Արցախի անկախությունը: Գլեդիս Բերեջիկլյանի խոսքով՝ ավստրալական համայնքն ամեն ինչ անում  է, որ երկիրն ամբողջությամբ աջակից լինի Հայաստանի համար այս կարևոր հարցերում: 

«Իմ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ իմ շնորհիվ, 20 տարի առաջ է եղել: Իմացեք, որ մեր նահանգում նախկին վարչապետերը, նախկին կուսակցությունների առաջնորդները՝ բոլորն ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ մեր խորհրդարանի պարտեզում ունենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Իմ նահանգը նաև ճանաչել է Արցախի անկախության պայքարը: Հույս ունենք, որ Ավստրալիայի կառավարությունը ևս ապագայում կճանաչի Արցախի անկախությունը: Բայց պետք է ասեմ, որ Ավստրալիայի քաղաքականությունը շատ տարբեր է Հայաստանի քաղաքականությունից: Երկրների քաղաքական հարաբերությունները տարբեր են, այդ պատճառով Ավստրալիան չի ընդունել այս հարցերը, բայց հույս ունենանք, որ մոտ ապագայում դրանք կընդունվեն»,- ասաց նա: