Ովքեր համառորեն ՍԴ հարցը հրել են քաղաքական դաշտ և փորձում են հանգուցալուծում գտնել, ուղղակիորեն վատություն են անում ՀՀ-ին

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ եթե հարցը լուծվի բռնի ուժի միջոցով, գործ կունենանք իշխանության մի ճյուղի ուզուրպացիայի հետ

Նրանք, ովքեր համառորեն ՍԴ հարցը հրել են քաղաքական դաշտ և փորձում են հարցի հանգուցալուծումը գտնեն այդ դաշտում, ուղղակիորեն վատություն են անում ՀՀ-ին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ՍԴ-ի հետ կապված հարցի շուրջ պետք է լինի նաև դիսկուրս ընդդիմության ներկայացուցիչների հետ:

«Սա սահմանադրագետների, իրավական վեճ է, և իշխանության որևէ թև՝ կլինի վարչապետը, ԱԺ-ն, իրավունք չունի որևէ կերպ ազդելու և ներազդելու դատական անկախ համակարգի վրա: Վահեն իմ ընկերն է, բայց եթե ինչ-որ մեկը ճիշտ չէ, ուզում է լինի իմ ընկերը, հայրը, մայրը, ես դա ասելու եմ բարձրաձայն: Ես չգիտեմ Վահե Գրիգորյանի բերած փաստարկները որքանով են հարիր Սահմանադրությանը, ես սահմանադրագետ չեմ, բայց ինձ զարմացնում է ստեղված իրավիճակը, երբ շատ քիչ իրավաբաններ և սահմանադրագետներ ունեցան համարձակություն բաց, առանց քաղաքական ենթատեքստերի խոսելու: Ցավոք սրտի, երկրի իրավաբանական ողջ հանրույթը բաժանվել է երկու մասի՝ սևերի և սպիտակների: Նրանք, ովքեր այս իշխանության մոլի երկրպագուներ են, ասում են՝ Վահե Գրիգորյանը ճիշտ է, իսկ նրանք ովքեր այս իշխանության մոլի երկրպագուները չեն, ասում են, որ սխալ է»,-նշեց ԱԺ պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ եթե հարցը լուծվի բռնի ուժի միջոցով, գործ կունենանք իշխանության մի ճյուղի ուզուրպացիայի հետ:

«Ես օրերս Ստրասբուրգում էի, այնտեղ հանդիպում ունեցա Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ, իրենք ևս շատ լուրջ մտավախություն են տեսնում. եթե հարցը մնա քաղաքական դաշտում և փորձ արվի լուծել քաղաքական պրեսինգների, ճնշումների միջոցով, ես ձեզ վստահեցնում եմ, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատականը լինելու է շատ կոշտ»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ սահմանադրագետների մի մասը, չգիտես ինչու, վախեցած, թաքնվել է, լռում է: Նրանց մյուս մասը, ովքեր նախկին իշխանության շահն էին սպասարկում, գործող իշխանությանն են այժմ ծառայություն մատուցում, իսկ մի այլ մասն էլ սպասարկում է նախկին իշխանության շահը և այստեղ կորչում է սահմանադրական ճշմարտությունը:

«Շատ մեծ վտանգ կա այսօր, որ ՀՀ Սահմանադրությունը այս ճգնաժամային իրավիճակում կարող է վերածվել «պոլի շորի»: Ես չեմ ցանկանում, որ իմ երկրի Սահմանադրությունը դառնա ջնջոց: Նորից կոչս ուղղում եմ ՀՀ նախագահին, ով սահմանադրության և անվտանգության երաշխավորն է: Գոնե մեկ հստակ և սկզբունքային դիրքորոշում հայտներ, ինչը, ցավոք սրտի, մենք չենք տեսել ոչ միայն այս հարցի, այլ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որտեղ պիտի լսելի լիներ երկրի անվտանգության երաշխավորի ձայնը»,-նշեց մա:

Զոհրաբյանն անդրադարձավ նաև Աբովյանի ընտրություններից հետո ՔՊ-ում ստեղծված իրավիճակին՝ Սասունի Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին: Մասնավորապես, Սասուն Միքայելյանն ասել էր՝ եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոխությունը կդառնա «թավշյա հեռացում»: Այս հայտարարության վերաբերյալ Զոհրաբյանը կարծիք հայտնեց՝ պետք է ավելի լայն տեսանկյունից ընկալել:

«Սասուն Միքայելյանի խոսքը չէր կարող միայն Ռոմանոս Պետրոսյանին ուղղված լինել, որովհետև Ռոմանոս Պետրոսյանը շատ փոքր կադր է այս ամբողջ պատմության մեջ: Սասուն Միքայելյանի ասածը շատ ավելի լայն էր, իսկ Ռոմանոս Պետրոսյանը շատ ավելի փոքր դետալ է ողջ այս իրարանցման մեջ»,-նկատեց նա: