Ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ. Արմեն Աշոտյան

Միթե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությունը, որը նվիրված էր բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակմանը, միայն առաջին հայացքից է բացառապես հումանիտար իր բնույթով։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես նշել է.

«Զավեն Կարապետյանի համար շատ ուրախ եմ։ Առողջություն եմ մաղթում եւ արագ հոգեբանական վերականգնում։ Հուսամ, մեր մեկ այլ հայրենակցի՝ Կարեն Ղազարյանի ճակատագիրը նույնպես դրական հանգուցալուծում կստանա։

Սակայն համանախագահների հայտարարության մեջ տեղ գտած հետեւալ ձեւակերպումը կրկին մտահոգիչ է. «որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Համախագահների մոտ արդեն մեկ տարի է, ինչ բնավորություն է դարձել ադրբեջանական դիվանագիտության հորինած, այսպես կոչված «բովանդակային բանակցությունների» (substantive talks) մասին խոսելը։

Միթե մեր ԱԳՆ-ն մտահոգվելու առիթ չունի։ Չէ՞ որ ամեն ինչ սկսվում է հենց այսպես, բառերից, որոնք ճակատագրական կարող են դառնալ»: