Թուրքիան բոլոր միջոցներն ուղղում է զենքի գնմանը. Կարո Փալյան

Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կազմակերպել էր մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում նա անդրադարձել է նաև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք Անկարային մատակարարվելու են այս ամառ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

«S-400-ները 2.5 մլրդ արժողությամբ հրթիռներ են։ Ասում են, որ Թուրքիան այս ՀՕՊ համակարգերից դեռ 10 միավոր էլ գնելու է։ Էրդողանն ասում է, որ լրացուցիչ 25 մլրդ դոլար է հատկացվելու զենքի գնման համար: Մեծ խնդիր է, որ բոլոր այս միջոցներն ուղղվում են զենքի գնմանը և նախապատրաստվում պատերազմի համար»,- ասել է Փայլանը: Նա նաև շեշտել է, որ Թուրքիան ավելացնում է ռազմական ծախսերը։

Փալյանը մասնավորեցրել է` նշելով, որ եթե անվտանգության համար կատարված ծախսերը 4 տարի առաջ 50 մլրդ դոլար էին, ապա այժմ հասնում են 150 մլրդ դոլարի։

«Թուրքիան պետք է հրաժարվի S-400 ներից և չեղարկի դրանց վերաբերյալ պայմանագիրը»,- հավելել է պատգամավորը։