Իշխանությունները որոշել են զադնի դնել

Փոփոխությունների փաթեթի դեմ բողոքող գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներին կառավարությունից հրավիրել էին նաև քննարկման

Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։

Մասնավորապես առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն): Սա նշանակում էր միանգամից շուրջ 60 անգամ բարձրացնել այս ոլորտի հարկային բեռը: Նախաձեռնությունն ի սկզբանե հարուցել էր ոլորտի տնտեսվարողների դժգոհությունը, ովքեր պարբերաբար բողոքի ցույցեր էին անում կառավարության շենքի մոտ: Փոփոխությունների փաթեթի դեմ բողոքող գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներին կառավարությունից հրավիրել էին նաև քննարկման:
Թերևս հասկանալով, որ նման կտրուկ կամ, ինչպես ընդունված է ասել, հեղափոխական մոտեցումը կարող է անցանկալի դժգոհության ալիք բարձրացնել, իշխանությունները որոշել են <<զադնի դնել>> և նախատեսվածից ավելի քիչ բարձրացնել այս ոլորտների հարկային բեռը, չնայած որ նախագիծը Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: 
Նախօրեին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հարկային օրենսգրքը Facebook-ի իր էջում գրել էր, որ հարկային բեռի ավելացումը նախատեսվածից մի քանի անգամ քիչ է լինելու, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ինչքան: <<Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ավելի քիչ։
Պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։ Մնացած մանրամասները կներկայացնենք ԱԺ լիագումար նիստում հարցի քննարկման ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում ԱԺ տնտեսական հանձնաժողովի և մյուս հանձնաժողովների անդամ բոլոր պատգամավորներին շահագրգիռ և արդյունավետ քննարկում ծավալելու համար։ Ինչպես նաև՝ կառավարության և ԿԲ ներկայացուցիչներին՝ կառուցողական դիրքորոշման համար>>,- իր գրառման մեջ նշել է Թունյանը։
Փաստորեն, եթե տնտեսվարողները, բողոքի դուրս գալու փոխարեն, հանգիստ նստեին տեղները, այսօր կանգնած կլինեին բիզնեսը կորցնելու վտանգի առջև: Ճիշտը պայքարելն էր, գրում է hayeli.am: