Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի «Միր» քարտերից հրաժարվող երկրների նկատմամբ․ Նաբիուլինա

Մանրամասներ
նաբիուլինա

Ռուսաստանի Կենտրոնական բանկը աշխատում է վճարման այլընտրանքային եղանակների վրա «Միր» քարտերի սպասարկումից հրաժարված երկրներում, և հնարավոր է համարում  Ռուսաստանի Դաշնության կողմից պատասխան սահմանափակումները, բայց միայն որպես «ծայրահեղ միջոցներ»՝ համագործակցությունից հրաժարվելու դեպքում, ասել է ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

Չորեքշաբթի օրը ՌԴ Պետդումայի պատգամավորը Նաբիուլինային հարցրել է, թե ինչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել ՌԴ Կենտրոնական բանկը պատժամիջոցների նոր սահմանափակումներին հակազդելու համար, և արդյոք Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների սահմանափակումները հնարավոր են այն երկրների քաղաքացիների համար, որոնք հրաժարվել են «Միր» քարտերից:

«Իսկապես, պատժամիջոցները չեն դադարում մեր ֆինանսական հատվածի վրա, դրանք ուժեղանում են։ Եվ, չնայած այս պատժամիջոցներին, մենք շարունակում ենք երկխոսությունը բարեկամ երկրների հետ ենթակառուցվածքների պահպանման և զարգացման ու այլընտրանքային լուծումների որոնման շուրջ»,- ասել է Նաբիուլինան։

«Հայտնի պատճառներով ես չեմ բացահայտի, թե ինչ այլընտրանքային լուծումների վրա ենք աշխատում», - ասել է Նաբիուլինան:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր գործընկեր երկրներին բացատրում է, որ փոխադարձ շահերից է բխում աշխատող վճարային մեխանիզմների ստեղծումը։

«Նրանք նաև հետաքրքրված են Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերով, աշխատանքային միգրանտների կողմից տրանսֆերտներով։ Եվ մեր գործընկերներից շատերը հասկանում են, որ դա երկուստեք շահավետ է»,- ասել է Նաբիուլինան։

«Ինչ վերաբերում է արձագանքման միջոցներին, ապա, իհարկե, տեսականորեն դա հնարավոր է՝ և՛ սահմանափակումներ, և՛ արգելքներ։ Բայց կարծում եմ, որ դրանք պետք է դիտարկվեն որպես ծայրահեղ միջոցներ երկրների նկատմամբ, եթե նրանք իրենց կառուցողական չեն պահում և չեն աշխատում լուծումներ ու այլընտրանքային մեխանիզմներ գտնելու ուղղությամբ»,- հավելել է նա։