Պաղեստինի խնդրի միակ լուծումը պայքարելն է մինչև «սիոնիստական ​​ռեժիմի» ոչնչացումը. Իրանի բանակ

Մանրամասներ
իրան բանակ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը Պաղեստինի անկախության պայքարին համերաշխության օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ պաղեստինյան խնդրի միակ լուծումն անվանել է դիմադրությունը և պայքարը մինչև «սիոնիստական ռեժիմի» ոչնչացումը։ Այս մասին գրում է irna.ir-ը:

Բանակի հայտարարության մեջ ասվում է. «Հզոր և ճնշված Պաղեստինի ժողովուրդը ծանր օրեր է ապրում արյունալի և մանկասպան սիոնիստական ռեժիմի ճնշումների ներքո՝ ունենալով ավելի քան 100,000 նահատակ և վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ, կանայք և խաղաղ բնակիչներ են: Պաղեստինի ժողովրդի դեմ 75 տարվա շարունակական ճնշումը, բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիան, ինչպես նաև հարձակումները մզկիթների, եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների և դիվանագիտական հաստատությունների վրա՝ մարդու իրավունքները պաշտպանելու հավակնող պետությունների ամոթալի լռության ներքո, վկայում է, որ գիշատիչ սիոնիստական ռեժիմը հավատարիմ չէ մարդասիրության, բարոյականության և իրավունքի սկզբունքներից որևէ մեկին: Հետևաբար, պաղեստինյան խնդրի միակ լուծումը դիմադրությունն ու պայքարն է մինչև այս ռեժիմի կործանումը»:

Իր հայտարարության մեջ բանակն ընդգծել է, որ ներկայումս «սիոնիստական ռեժիմի» աճող հանցագործություններն ու ագրեսիան կապված են նրա ներքին և արտաքին ճգնաժամերի հետ, և դա ոչ միայն բացահայտում է «նրա նողկալի դեմքն ամբողջ աշխարհին, այլ նաև կանխատեսում է նրա անխուսափելի անկում և փլուզում»: