Ինքը վախեցած է, գնում, տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է. Արկադի Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ադրբեջանն ընդհանրապես, պարզ չէ՝ որտեղ է ձեւավորվել, մանավանդ իրենք իրավահաջորդն են 1918-1920 թվականների Ադրբեջանի, այդ դեպքում ինչի՞ց են վերցրել, որ Տավուշի այդ 4 տարածքներն ադրբեջանական են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ Ագոն:

«Ոչ մի օրինական փաստաթուղթ չկա, հիմա իրենք ինչ-որ բան են ստեղծել ու բրդելով գնում են մեր հաշվին»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի քարտեզի ցուցադրությանը եւ հայտարարությանը, որ դա է Հայաստանը, Արկադի Կարապետյանն ասաց. «Դա Հայաստան չի, դա եսիմինչի կտոր է»:

Նա նկատեց, որ բոլորն այսօր վախեցած են. «Իրենք գիտեն՝ ինչից են վախեցած, ու եթե անկեղծ են, պետք է ասեն՝ ինչից են վախեցած: Վախերը շատ մեծ նշանակություն ունեռն: Հիմա թե Ադրբեջանի ճնշումն է, Կրեմլի ճնշումն է, թե Եվրոպայի ճնշումն է, թե իրենց կուրատորների ճնշումն է, ինչ-որ մի բանից վախենում են: Ինքը վախեցած է, գնում տեղի բնակիչներին էլ պատերազմով վախեցնում է:

Մեծ գիտելիքներ պետք չէր հասկանալու համար, որ պատերազմ է լինելու, ասում էինք, որ պատրաստվեին: Հիմա էլ եմ ասում, որ պատերազմ է լինելու, բայց չենք պատրաստվում: Եթե չեն պատրաստվում է, նշանակում է՝ վախեցնում են, որ իրենց համար ձեռնտու արդյունքի  հասնեն:

Հարցը մենակ հողը չի, այլ նաեւ իրավունքները. այսօր Արցախը իրենց տիրապետության տակ է, վաղը մեր տիրապետության տակ է  լինելու, բայց մենք մեր իրավունքները պետք է պահենք: Հիմա Հայաստանի իրավազրկումն է գնում»,-ասաց հրամանատարը:

Արկադի Կարապետյանի խոսքով, եթե Տավուշից տարածքներ զիջեն, այնտեղ ստեղծվելու են այն խնդիրները, որոնք այսօր կան Ջերմուկում, Գորիսում. «Նժդեհն ասում էր՝ քո հոգու մեջ պետք է կառուցես հաղթանակի տաճարը: Մեր մեջ պատկերացում է ձեւավորվել, որ Տավուշը ամրոց է, ու եթե այդ ամրոցը տալիս ես, քո մեջ ինչ-որ բան խաթարվում է: Դա մեծ նշանակություն ունի»,-ընդգծեց նա: