Շակիրան կկանգնի դատարանի առաջ

Հարկերի վճարումից խուսափելու համար

Հայտնի երգչուհի և բարերար Շակիրան հունիսի 12-ին մեղադրյալի կարգավիճակով կկանգնի իսպանական դատարանի առաջ՝ հարկերի վճարումից խուսափելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ինչպես հաղորդում է Europa Press գործակալությունը, Էսպլուգաս դե Լյոբրեգատ քաղաքի դատարանը քննության է առել վեց անգամ հարկերի վճարումից խուսափելու գործով դատախազության ներկայացրած հայցը: Խոսքը 14,5 միլիոն եվրոյի մասին է: Դատախազության կարծիքով՝ երգչուհին թաքցրել է վաստակած գումարները 14 ընկերության միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարսելոնայի դատախազությունը հայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի կոլումբացի Շակիրայի դեմ, որին կասկածում է հարկերից խուսափելու համար: Հաղորդվում էր, որ հարկային ծառայությունն ավարտին է հասցրել հետաքննությունը, որի արդյունքում պարզվել է, որ 2012-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում երգչուհին Իսպանիայում չի վճարել եկամտահարկն ու գույքահարկը: Ընդհանուր առմամբ՝ նա պետությանը պարտք է 14.5 միլիոն եվրո: