Մեր կողմից այդպես էլ չի ասվում, թե ինչ են խոստացել. թուրքագետ

Մանրամասներ
նիկոլ ալիև

Թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հանրայնացրին թուրք-ադրբեջանական տանդեմի նոր թեզը՝ Սյունիքի վերաբերյալ. մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ: Տարբեր շրջանակներ չեն բացառել, որ «Կալինինգրադյան էքսկլավի օրինակ» թեզի շուրջ հնարավոր է քննարկումներ եղած լինեն նաև ՀՀ իշխանությունների հետ։

Նման կուլիսային հնարավոր պայմանավորվածությունները 168.am-ի հետ զրույցում չբացառեց նաև թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ նկատելով. «Ադրբեջանական կողմն ասում է՝ խոստացել եք՝ կատարեք, իսկ մեր կողմից այդպես էլ չի ասվում, թե ինչ են խոստացել»:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունները պարբերաբեր հերքում են «միջանցքի» թեզը՝ նկատելով, որ նման բան երբեք չի քննարկվել, թուրքագետն արձագանքեց, որ հնարավոր է՝ լինի ճանապարհ՝ միջանցքի նմանությամբ ու գործառույթներով:

«Երբ ադրբեջանական կողմից նշում են, թե չպետք է որևէ մաքսային հսկողություն լինի ՀՀ կողմից, դա արդեն միջանցք է դառնում»,- պարզաբանեց նա՝ այս հարցում անտրամաբանական համարելով ՀՀ ջանքերը՝ նման ճանապարհի վրա ՌԴ վերահսկողությանն ընդդիմանալու հարցում:

Չվերահսկվող ճանապարհը, թուրքագետի համոզմամբ, Ադրբեջանին պետք է զենք-զինամթերք տեղափոխելու համար, որպեսզի հարցեր չառաջանան՝ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, երբ իրանական կողմը մերժեց իր տարածքը տրամադրել այդ նպատակով, իսկ Թուրքիային՝ թուրքական մեծ պետությունը ստեղծելու համար:

«Այդ ճանապարհով իրենք արդեն կապ կունենան Հունաստանի սահմանից մինչև Չինաստանի պարիսպները թուրքական երկիր ստեղծելու համար»,- հավելեց Տիրան Լոքմագյոզյանը:

Նա այս նպատակն իրագործելու համար առաջ մղված հերթական ծուղակն է համարում Կալինինգրադյան թեզը՝ ցավով արձանագրելով, որ հայկական կողմն էլ իր հերթին առաջ չի մղում սեփական թեզերը և շարունակ զիջում է:

Այս համատեքստում մասնագետը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հանրայնացված 4 գյուղերի վերադարձի խնդրի մասին՝ նկատելով, որ այդ հարցում նման շտապողականություն անգամ Ալիևը չունի:

«Արծվաշենի տարածքն ավելի մեծ է, քան այդ գյուղերը միասին, բայց այդ մասին մեր իշխանություններից ոչ մի ձայն դուրս չի գալիս:

Մենք որոշել ենք 4 գյուղերը հանձնել, արդյո՞ք Արդբեջանն ասել է, որ Արծվաշենը վերադարձնում է: Նույն խնդիրը գերիների հետ է կապված. մենք բոլոր գերիներին հետ տվեցինք, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և նույնիսկ վերջին գերուն վերադարձրին՝ փոխարենը նրա դիմաց մի հոգու ազատեին:

Տպավորություն է, որ այս իշխանություններն աշխատում են Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,- ամփոփեց թուրքագետը: