Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է

Մանրամասներ
Կիևյան կամուրջ

Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:

Հրազդանի մեծ կամուրջը, կամ ինչպես ընդունված է ասել Կիևյան կամուրջը, շահագործման է հանձնվել  1956 թվականին: Նորոգման աշխատանքներ իրականացվել են 1980-ական և 2000-ական թվականներին: Վերջին տարիներին կամուրջը բազմաթիվ խնդիրներ էր կուտակել.

«Ուսումնասիրություններից պարզվեց, որ ջրահեռացման համակարգի չգործելու պատճառով ներքին հատվածում բազմաթիվ խնդիրներ են առաջացել՝ և՛ կոռոզիայի բնույթի,  և՛ բետոնե շերտի քայքայման»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պ/կ Տիգրան Գեղամյանը:

Երևանի քաղաքապետարանը կամրջի նորոգման նախագիծն սկսեց 2023-ին՝ երկու փուլով:  Կամրջի սպասարկման համար առաջնահերթ նորոգվել են հենարանների միջև աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ:

«Վերանորոգելու ենք կամրջի հենարանների իրանների արտաքին և ներքին մակերեսները: Իջնելուց հետո հենարանների մեջ  պարզվեց , որ ներքին հատվածը ևս վնասված է, վերանորոգում ենք թռիչքային կառուցվածքի կամարներն ամբողջությամբ»,-նշում է կամրջաշինական կազմակերպության տնօրեն Մինաս Մինասյանը:

Կամրջի երթևեկելի մասում այսօր կան փոսեր, ճաքեր, վնասված են դեֆորմացիոն կարերը, քայքայվել են միացումները:

Ամբողջ դեֆորմացիոն կարը միաձույլ բետոն է արվում: Դրա համար հատուկ նյութ ենք օգտագործում: Մայթի հատվածը երեսապատվում է բազալտով և բարձրացվում ամբողջությամբ, նաև նախագծով մետաղական արգելապատնեշ է դրվում»,-մանրամսնում է Մինասյանը:

Նորոգման ընթացքում կփակվի կամրջի երթևեկելի հատվածն ամբողջությամբ, թե մասնակի՝ մասնագետները դեռ քննարկում են: Կանեն ամեն ինչ, որ և՛ քաղաքացիներին քիչ անհարմարություն պատճառեն, և՛ աշխատանքները որակով արվեն:

Աշխատանքների ընթացքում ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը:

«Անցումների մի հատվածը վերածվել էր ռեստորանային համալիրի, որը հիմա արդեն չի գործում, բայց պահեստային բնույթ ունի: Այդ հատվածում էլ արդեն նորոգման աշխաանքներ ենք իրականացնելու, որպեսզի անցումը լիարժեքորեն գործի և մեր բնակիչները կարողանան արդեն կամուրջը շրջանցել ստորին հատվածով»,-ընդգծում է  Տիգրան Գեղամյանը:

Մեկնարկել է դեպի կիրճ իջնող աստիճանների նորոգումը, կնորոգվեն ու կմշակվեն նաև թուջե բազրիքները: Կիևյան կամրջի շինարարական աշխատանքների պայմանագրային ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է: Ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի: Ավարտին Երևանի կարևորագույն տրանսպորտային հանգույցը՝ 60 մ բարձրությամբ ու 351 մ երկարությամբ կամուրջը կդառնա առավել անվտանգ: