Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում․ բնակելի շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից, ժամանել են մեծ թվով հրշեջներ

Մանրամասներ
հրդեհ

Այսօր՝ փետրվարի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Չարենցավանի թիվ 47 և Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։



Տեղում նույն վաշտի պարեկներ Շահեն Սարգսյանն ու Ռաֆիկ Սողոմոնյանը բնակիչների հետ տարհանել են մի քանի քաղաքացիների։

Դեպքի վայր են ժամանել նաև Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում հերթապահություն են իրականացնում։ Ժամանել են նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակարանի ողջ գույքը ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղ էլ պարզվում են սեփականատիրոջ ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի մի քանի 100 մետրից։