Ռուս սահմանապահների մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կարելի է համարել Փաշինյանինը․ ռուսաստանցի քաղաքագետ

Մանրամասներ
Կոնստանտին Գևորգյան

Փաշինյանի քաղաքականությունն առանձնանում է իր կանխատեսելիությամբ և իր իշխանության գալու պահից սկսած՝ մարդիկ, ովքեր ունեն անալիտիկ և քաղաքական մտածողություն կանխատեսել  էին իրադարձությունների նման զարգացումը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց RT-ին պատկանող Ukraina.ru ինտերնետային պորտալի ղեկավար Կոնստանտին Գևորգյանը:

«Փաշինյանն իշխանության է եկել բնականաբար ոչ պրոռուսական ալիքների էմպատիայի շուրջ, այլ դասական գունավոր հեղափոխության միջոցով, որն իշխանության է բերում կոնկրետ ուժերի, որոնք հակադարձելու են Արևմտյան քամիներին: Գունավոր հեղափոխության օրենքները Փաշինյանն ամբողջովին պահում է, այն է՝ հավատարմություն հավաքական Արևմուտքին»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Գևորգյանի՝ Փաշինյանի ցանկացած գործողություն նույն տրամաբանության մեջ է՝  ՀՀ-ի համար անհամեմատ մեծ ԱՄՆ դեսպանատան առկայության, ԱՄՆ-ում գտնվող Սփյուռքի, որը կտրված է եղել ցանկացած տեսակի ռուսական ազդեցությունից։

Ադրբեջանի հետ զինված պայքարի պայմաններում անգամ ամերիկահայությունն աջակցել է Փաշինյանի ցանկացած հակառուսական թեզի, այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը․

«Փաշինյանը հիմա ամեն հնարավոր բան անելու է, որ Հայաստանը դուրս մղի ցանկացած նախկին ԽՍՀՄ կառույցից և որպես պատրվակ օգտագործելու է ազգային «նեղացվածությունը» ՌԴ-ից Արցախի կորստի համար, այն դեպքում երբ ինքն անձամբ հրաժարվել է ռազմական օգնություն տրամադրել Արցախին, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և արևմտյան հարթակում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Փաշինյանի իշխանությունը միանձնյա է և ցանկացած իշխանական օղակից հնչող հայտարարություն կարելի է համարել Փաշինյանինը, քանի որ ռուսական զորքերի մասին ԱԺ նախագահի մակարդակով խոսելը նույնպես իր ընտրությունն է, որոշումները կայացրել է Փաշինյանը, իսկ իշխանության օղակները պարզապես բարձրաձայնում են այդ տեսակետները»,- շեշտեց Գևորգյանը:

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը նշեց, որ մեդիա դաշտում սպասվում են մանիպուլյատիվ մի շարք հայտարարություններ հակառուսական կոնտեքստում, հղում անելով անհասկանալի անձանց և ուժեղացնելու են հակառուսական տրամադրությունները: Ռուսաստանի հայերի արձագանքն, ըստ Գևորգյանի, կոշտ է լինելու:

Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը հայ ժողովրդին կանգնեցնելու է պետականության պահպանման ահռելի աղետի, ինչպես նաև դեմոգրաֆիկ կորուստների առջև: