Էրդողանը զգուշացնում է Հայաստանին

Մանրամասներ
Նիկոլ էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի մասին։ 

Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է խաղաղություն և համագործակցություն հաստատի իր հարևանների հետ, այլ ոչ թե անվտանգության փնտրի «հազարավոր կիլոմետրեր հեռու»։

Թուրքիայի նախագահի պնդմամբ, «արևմտյան որոշ շրջանակներ փորձում են խաղի նոր կանոններ հաստատել Հարավային Կովկասում»։ 

«Արևմտյան որոշ շրջանակներ դեռևս չեն կարողանում հասկանալ, որ Ղարաբաղյան պատերազմի ավարտով տարածաշրջանում բոլորովին նոր փուլ է սկսվել», - ասել է Էրդողանը։

Նա նաև հայտարարել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում ապրող ժողովուրդների խնդիրների և ժողովուրդների միջև հակամարտությունների հաշվին իրենց շահերն իրացնել փորձող ուժերը, տարիներ շարունակ «հրահրելով» Հայաստանին, իրականում ամենամեծ վնասն են հասցրել հայ ժողովրդին։

«Նրանք շահագործում էին հայերին՝ ստեղծելով անիրագործելի երազանքներ, օգտվելով նրանցից, վտանգի տակ դնելով նրանց։ Հայաստանը նույնպես պետք է տեսնի ու ընդունի այս իրողությունը։

Հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է ապահովություն փնտրեն ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանն անդրադարձել է նաեւ Հայաստանին զինելու հարցին՝ ասելով, որ որոշ երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք ու զինամթերք չի կարող փոխարինել կայունությանը, որը կապահովի տարածաշրջանում կայուն խաղաղությունը։

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը ինչ-ինչ երազանքների պատճառով բաց չթողնեն խաղաղության հնարավորությունը, որը հայտնվեց 30 տարի անց։ Այստեղից ևս մեկ անգամ կոչ եմ անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից մեկնած հաշտության ձեռքը։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք՝ որպես Թուրքիա, պատրաստ ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ Ադրբեջանի հետ համագործակցությամբ գործընթացը հաջողությամբ ավարտելու համար»,- ասել է Էրդողանը։