«Վրացական երազանք»-ը ողջունում է Լավրովի հայտարարությունը, բայց ցանկանում է՝ ՌԴ-ն զnրքերը հանի Աբխազիայից և Հրվ. Օսիայից. Կալաձե

Մանրամասներ
Լավրով Կալաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրական է գնահատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցման գաղափարը, որն արտահայտել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, բայց միաժամանակ կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը այս շրջաններից։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ, դրական է, բայց ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլիներ արդյունավետ քայլեր ձեռնարկել», - ասել է  «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Նա նշել է, որ «Վրաստանի «տարածքների որոշակի հատվածում, որոնք օկուպացված են, այսօր տեղակայված են ռուսական բազաները»։

«Ուստի, այդ հայտարարություններին զուգահեռ, լավ կլիներ սկսել մշակել այդ բանակային ստորաբաժանումները Վրաստանի տարածքից դուրս բերելու գործողությունների ծրագիր», - մեջբերել է Mtavari հրատարակությունը ռուսամետության համար մեղադրվող իշխող կուսակցության ղեկավարի խոսքերը։ 

Մինչդեռ վրացական ընդդիմությունը Լավրովի խոսքերը սադրանք է համարել։

«Լավրովը, իհարկե, հաստատում է իր հայտարարությամբ, որ համագործակցում է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Վրաստանի իշխանությունների համար ավելի մեծ ամոթ չի կարող լինել »,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Թամարա Կորձայան։

Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի շաբաթվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել, եթե բոլոր կողմերը շահագրգռված լինեն հաշտեցման և «չհարձակման մասին պայմանավերվածություններն ապահովելու հարցում»։

«Ակնհայտ է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը ազնիվ է գնահատում անցյալը։ Նրանք ասացին, որ «ցանկանում են պատմական հաշտություն»։ Թե ինչ ձևով, ինչ ձևաչափով կարող է լինել այդ հաշտեցումը, պետք է որոշեն երկրները՝ և՛ Աբխազիան, և՛ Հարավային Օսիան»,- ասել է Լավրովը:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին՝ կոչ անելով ապրել «մեկ վրացական պետությունում»։ Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է «վերականգնի բոլոր քանդված կամուրջները»։Սեպտեմբերի սկզբին «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հաղթի ընտրություններում, Թբիլիսին ուժ կգտնի օսերից ներողություն խնդրելու 2008 թվականի ռազմական հակամարտության համար։