ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից․ Վահագն Ալեքսանյան

Մանրամասներ
Վահագն Ալեքսանյան

Շատ լավ բան է երազանքով առաջնորդվելը, մինչև այն պահը, երբ պարզվում է, որ այդ երազանքն ուղղակի ներդրված է, որպեսզի դու երբեք չունենաս ինքնիշխանություն։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ մեր ամենամեծ երազանքը պետք է լինի ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ունենալը։

«Ոչ թե գնանք այն ճանապարհով, որը տարիներ առաջ գրվել է մեզ համար, դրվել է մեր տակ, որպեսզի ինչ-որ մի պահի մենք կորցնենք մեր ինքնիշխանությունը՝ գնալով մի բանի հետևից, որին փաստացի հասնել չենք կարող: Լավ, պատկերացնենք, որ ինչ-որ մի պահի լինում է այնպես, որ ռազմական բալանսը հօգուտ մեզ է խախտվում։ Եվ հետո՞: Հետո էլ Ադրբեջանն է նորից հզորանում, ունենում է միջազգային լեգիտիմությունը, նորից է հարձակվում և հետ նվաճում։ ԼՂ-ն իբրև երազանք ներդրել են մեր մեջ, որ զրկվենք ինքնիշխանությունից»,- նկատեց նա՝ միաժամանակ նշելով, թե հասկանո՞ւմ եք, որ աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղն անկախ Հայաստանի մաս։

Ալեքսանյանն ասաց, թե մեծ ցավ է ապրում, երբ լրագրողները ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում են ԼՂ-ի հետ։ Պատգամավորի համոզմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է մեր երկրում։