«Մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։ Միջանցք, տարածք, չգիտեմ ինչ չենք տալու։ Եվ այս առումով, ինչքան էլ մենք աշխարհի ամենահզոր պետությունը չենք, ուրիշների կարծիքը մեզ հետաքրքրում է երկրորդ հերթին»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր բոլոր դաշնակիցների հետ հստակ այս հարցով ունենք քննարկում և միասնական ըմբռնում, այդ թվում՝ իմ տպավորությամբ՝ միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին։ Եվ եթե լինի մի երկիր, որը փորձի, մենք այդ քննարկումը չենք անի, ի՞նչ միջանցք, որտե՞ղ է գրված, ո՞վ է հորինել այդ միջանցքը։ Ադրբեջանն ասում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն է։ Այդ 9-րդ կետը հրապարակված կետ է, աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել միջանցք բառը 9-րդ կետում։ Արդյոք այդ փաստաթղթում կա՞ միջանցքի մասին հիշատակում, այո, կա, և դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրագործման համար կնքվել է նոր եռակողմ հայտարարություն 2021 թվականի հունվարի 11-ին, որտեղ բացվել է, թե 9-րդ կետն ինչի մասին է։ «Ես ձեզ գաղտնիք ասեմ՝ մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել Ադրբեջանին եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով։ Եվ այդ առաջարկությունը ես առձեռն Բրյուսելում փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը։ Ինչի՞ մասին է այդ առաջարկությունը, մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»,- հավելեց Փաշինյանը։
0Comments