ՌԴ–ի հետ Հայաստանի տնտեսական կապերի խորացումն այլընտրանք չունի. Fitch

Մանրամասներ
նիկոլ

Տնտեսությունը դիվերսիֆիկացնելու՝ իշխանությունների հայտարարությունների ֆոնին ամենահեղինակավոր վարկանիշային կազմակերպություններից մեկը՝ Fitch-ը, առաջիկայում էական փոփոխություններ չի ակնկալում. Հայաստանը մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, արձանագրում է գործակալությունը։

Չնայած Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածությանը` փոխադարձ առևտուրը նորանոր ռեկորդներ է գրանցում։ 2023-ի առաջին տասն ամիսներին երկրների առևտրաշրջանությունն անցել է 5 միլիարդ դոլարի սահմանը։ Fitch-ն այս տեսակետը հայտնել է Հայաստանի վերաբերյալ հերթական թարմացման շրջանակում: Գործակալությունը Հայաստանի վարկանիշն անփոփոխ է թողել:

Տնտեսությունը դիվերսիֆիակցնելու, Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին իշխանությունները ավելի ակտիվ սկսեցին խոսել վերջին ամիսներին: Փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի և նրա թիմակիցների այդ վարքագիծը մեծ աջակցության է արժանանում Արևմուտքում, որի գերխնդիրներից մեկը՝ տարածաշրջանում ՌԴ տնտեսական, քաղաքական և անվտանգային լծակները նվազագույնի հասցնելն է:

Եվ մինչ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ Արևմուտքից  Հայաստանը շատ ավելի լուրջ տնտեսական դիվիդենտներ կարող է ստանալ, արևմտյան հեղինակավոր կազմակերպություններից մեկը փաստում է, որ մոտ ապագայում ՀՀ տնտեսության ողնաշարը շարունակելու է մնալ ՌԴ հետ առևտուրն ու ԵԱՏՄ-ից ստացվող տնտեսական օգուտները:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ապա պետք է նշել, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալն արդեն 2 մլրդ դոլար է։ Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 2,9 անգամ՝ կազմելով ռեկորդային 4,1 մլրդ դոլար, ընդ որում, կարևոր է, որ մեր պատրաստի արտադրանքի արտահանումն ուղղված է հիմնականում դեպի Ռուսաստան:   

Ակնհայտ է, որ  ՌԴ–ի կամ ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզման ցանկացած փորձ հղի է լինելու լրջագույն ռիսկերով, որոնց գինը վճարելու է հայ ժողովուրդը: