Խուլիգանություն և կրակոցներ` Քաջազնունու փողոցում (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Հունվարի 6-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Քաջազնունու փողոցում կատարված խուլիգանության և կրակոցների մասին ստանալով տեղեկություն` շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները: Նրանց միացան նաև մայրաքաղաքի պարեկներ ու հատուկ նշանակության գումարտակի ծառայողներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ տեղեկության` օֆիսային տարածքում 5-6 հոգի վիճաբանել էին, հայհոյել, խաթարել քաղաքացիների անդորրը, իսկ նրանցից մեկն էլ մոտը եղած ատրճանակով մի քանի անգամ կրակել էր օդ:

Ժամը 23.30-ին, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու կասկածանքով, հենց Քաջազնունու փողոցում ձերբակալվեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին 44, 35, 22, 46 և 18 տարեկան տղամարդիկ, որոնցից առաջինը, ըստ տեղեկության, կրակողն էր:

Պարզվեց, որ նրանց միջև ոչ մի վեճ էլ չի ծագել. պարզապես գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` տղամարդիկ մայրաքաղաքի կենտրոնում սկսել էին բարձր հայհոյել ու կրակել:

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ատրճանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: