Էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյան

Գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

«Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման եւ ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջեւ ծառացած ներքին եւ արտաքին բազում մարտահրավերներին: Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ է տալիս իշխանության մանդատ:

Այս պրիմիտիվ սխեման, էֆեկտիվ լինելով կարճաժամկետ կտրվածքով, պլանավորման հորիզոնում շատ արագ սկսում է վթարների ենթարկվել: «Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական սնանկությանը:

Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաեւ պետական ապարատի էրոզիան, եւ պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը:

Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա:

Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, եւ որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»: