Սահմանին կուտակումներ կա՞ն․ ՊՆ խոսնակը հորդորեց գրավոր հարցում ուղարկել

Մանրամասներ
ադրբեջան թուրքիա

Սոցցանցերում օգտատերերը տեղեկություններ են հայտնում, որ երեկվանցից ադրբեջանական ԶՈՒ-ն զինտեխնիկա են կուտակում հայ-ադրբեջանական սահմանին՝ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի  հատվածներում։ Ուշագրավ է, որ  սահմանային կուտակումների մասին գրառումներ են արել նաև տարբեր քաղաքագետներ և վերլուծաբաններ։

Սահմանային կուտակումների տեղեկությունների մասին Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ  պաշտպանության նախարարությունից։

Ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ սահմանային իրավիճակի մասին պարբերաբար հաղորդագրություններ են տարածում, իսկ ադրբեջանական կուտակումների մասով էլ հորդորեց գրավոր հարցում ուղարկել։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հակառակորդի կուտակումների մասին տեղեկություններ են շրջանառվում, մասնավորապես՝  թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։  Ըստ նրա՝  այս պահին թուրք-ադրբեջանական նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակման մասին են վկայում ռազմական տեխնիկայի և զորքի ահռելի կուտակումները Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի սահմանների երկայնքով»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն էլ գրել է․

«Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է»:

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանն էլ է սահմանային կուտակումների մասին գրառում արել․  «Ադրբեջանական սոցցանցերը ողողված են ռազմական տեխնիկայի շարասյունների տեղաշարժի ու մոբլիզացիայի մասին տեսանյութերով։ Ալիևի քարոզչամեքենան պնդում է, իբր Փաշինյանը պատերազմ է հայտարարել Ադրբեջանին։ Ռուսական տելեգրամ ալիքներն ակնարկում են, թե մոտավորապես ո՞ր ուղղությամբ է թշնամին պատրաստվում հարվածել Հայաստանին… »։