Աջ ղեկով մեքենաները մինչև ապրիլի 1-ը ներմուծելու հարցը հանվեց կառավարության օրակարգից

Հիմա լղոզված ձևակերպումներ տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ հակառակը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի առաջարկով հանվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվեր ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ եկել են տեղային լուծման, քանի որ հստակ չգիտեին, թե որքան տնտեսվարող սուբյեկտների է վերաբերում և ներկայումս ստացվեց, որ խոսքը 830 մեքենայի մասին է:

Վարչապետը նշեց, որ Այրումում պայմանավորվածությունը հետևյալն է եղել նախաձեռնող խմբի կողմից, որ խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որ այն օրվա դրությամբ գտնվել են մաքսային գոտում:

Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ չափելիությունը հստակ չեն կարող իրականացնել, այդ պատճառով գնման ժամկետի վերաբերյալ կարող են սահմանափակում իրականացնել, ինչի հետ վարչապետը չհամաձայնեց:

«Հիմա լղոզված ձևակերպումներ տալով՝ մենք հարցը ոչ թե լուծում ենք, այլ հակառակը: Եղել է պայմանավորվածություն, որ վին կոդերով գնված մեքենաների հարցը լուծում ենք, այդ հարցերին չենք անդրադառնալու: Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք և այլ բան իրականացնենք, խոսքն այն մեքենաներին պետք է վերաբերի, որոնք գտնվում են մաքսայինում»,-ասաց նա և շեշտեց, որ կա պայմանավորվածությունների ձայնագրությունը:

Հակոբ Արշակյանը նշեց, որ կվերամշակեն նախագիծը և խոսքը, այսպիսով` կստացվի, որ 450 մեքենայի մասին է խոսքը:

Այսպիսով` հարցը հանվեց և վարչապետը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա աջակողմյան մեքենաները կգերազանցեն ձախակողմյան մեքենաների քանակին և ստիպված կլինեն երթևեկության կանոնների ամբողջ համակարգը փոխել, որը միլիարդների ծախս կլինի բյուջեի համար: