Արցախի շրջափակումը ճեղքելու միակ հնարավորությունը մնացել է 1992 թվականի սցենարը. Թևան Պողոսյան

Մանրամասներ

Քաղաքագետ Թևան Պողոսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից առաջ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում բարձրաձայնվող մտահոգությունները համարում է լեգիտիմ՝ հաշվի առնելով գործող իշխանությունների դիվանագիտական ձախողումներն ու թշնամու մարտավարությունը:

«Ցանկացած գործողություն, երբ որևէ երկիր՝ հատկապես ՄԱԿ անդամ, որն ուզում է ՄԱԿ գործիքակազմին դիմել, պետք է ունակ լինի հաշվարկելու բոլոր սցենարները՝ արդյո՞ք կկարողանա այդ գործիքը կիրառել այնպես, որ իր համար դրական լինի, արդյո՞ք հակառակ իրավիճակի կհանդիպի և ավելի շատ կկորցնի և ըստ դրա՝ գիտակցի՝ ինչ է անում,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց քաղաքագետը՝ պարզ կենցաղային օրինակով հիշեցնելով, որ մեծ մեխին չես կարող հարվածել փոքր մուրճով և՝ հակառակը,- Հարցն այն է՝ կարողացե՞լ են ամեն ինչ ճիշտ հաշվարկել, որ ճիշտ մուրճով ճիշտ հարվածեն ճիշտ մեխին, որ կարողանան նպատակին հասնել:

Վերջինի հարցում կասկած կա, որովհետև եթե նայում ենք ՀՀ իշխանությունների՝ մինչ այս կատարած քայլերը, բոլոր տեղերը պարտությունը պարտության հետևից շարել են և ստացվել է, որ ավելի շատ սպասարկվել են թշնամիների շահերը:

Այստեղից էլ ծնվում են հասկանալի մտավախությունները, թե մեր թշնամին ինչպես կարող է օգտագործել սա, ի՞նչ ունի առևտրի, թրեյդ-օֆֆ-ի համար:

Եվ այստեղ մի զարմացեք, որ կարող է սցենարներից մեկը լինել այն, որ Ադրբեջանն ամբողջ աշխարհին ասի՝ գրավոր ֆիքսեք, սա արեք, նա արեք՝ կբացեմ ճանապարհը:

Բայց բացի մի ժամ, մի օր, մի շաբաթ և նորից փակի»:

Հիշեցնենք՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել գործող իշխանություններին սպասվող պրոցեսներում առևտրի չգնալ Ադրբեջանի հետ:

Նախկին արտգործնախարարը հիմնական վտանգը տեսնում է հետևյալ զարգացման մեջ. «Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը կամ միջանցքը։

Սրանում չկասկածեք, Արդբեջանը կմտնի նման առևտրի մեջ։

Միացյալ Նահանգները, մյուս միջնորդները սրա հետ խնդիր չեն ունենա. սրանք նույնպես կկարգադրեն Հայաստանին, Ադրբեջանին գնալ  այս տարբերակին։

Հայաստանի վրա ճնշում կլինի, որ նման բանաձևին իր համաձայնությունը տա։

Սա ուղղակի վերջ կդնի Արցախի ժողովրդի որևէ ինքնորոշման, որովհետև ԱԽ-ի կողմից նման ամրագրումը կունենա միջազգային օրենքի ուժ և կծածկի բոլոր այլ տեսակի նորմերը, հիմնավորումները, որոնք կարող են վերաբերել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին»:

Թևան Պողոսյանը, անդրադառնալով այս արձագանքներին, նկատեց. «Սրանք լեգիտիմ մտահոգություններ են, որոնք մարդիկ ստիպված են նույնիսկ բարձրաձայնել (եթե ի սկզբանե պետք է դա անեին ներքին խողովակներով, խորհրդապահական տարբերակով). պատկերացրեք` արդեն հասցրել են այն վիճակին, որ հանրայնացնում են դա, ինչը նաև մեր թշնամին է, չէ՞, լսում»:

Ըստ նրա՝ այլ տարբերակներ ևս կարող են լինել, քանի որ Ադրբեջանն ամենօրյա աշխատանք է տանում:

«Այսօր Ադրբեջանն իր ողջ դիվանագիտական կորպուսը լցրել է ավտոբուսները, քշել մինչև Ակնա, ասում է՝ եկեք, ձեզ էստեղ ինչ-որ բաներ եմ ցույց տալու:

Հիմա այդ բոլոր մարդիկ գնալու են տուն, մինչև կեսօր իրենց երկրներին պատմելու են՝ Ադրբեջանը ֆանտաստիկ ճանապարհ է կառուցել և այլն՝ նույն ձևով, երբ կառուցում էին Բերձորի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, ու ես ասում էի՝ չի կարող Ադրբեջանը գումար դնի, ճանապարհ կառուցի ու հետո ասի՝ հայե՛ր, վայելեք:

Հասկանալի է, չէ՞, որ նույնն այստեղ է լինելու: Այն ժամանակ շատ հայեր նույնիսկ ասում էին, թե ինչ լավ լայն ճանապարհ է. Այո՛, շատ լավ լայն ճանապարհ է արտագաղթի համար, որը կառուցել է Ադրբեջանը և փակել:

Մերոնք այս տեղեկությունն իմանալով՝ կարողանալո՞ւ են նախապատրաստվել և այնպիսի ելույթներ ունենալ ԱԽ նիստում, որ բացատրեն՝ Ադրբեջանի այս բոլոր քայլերը միտված են Ցեղասպանության:

Արցախի ժողովրդի կարծիքը մենք պետք է տեղ հասցնենք,- նշեց քաղաքագետը, ապա հավելեց, որ հարցի մյուս կողմն այն է, թե արդյո՞ք ՄԱԿ ԱԽ ընդունած հնարավոր բանաձևը կիրագործվի,- Պատկերացնենք՝ ինչ-որ բանաձև կա, հետո այդ բանաձևն ո՞վ է կյանքի կոչելու, իսկ ո՞վ ասաց, որ այդ բանաձևից հետո Ադրբեջանը որոշելու է ինչ-որ բան անել. նրանք արդեն օրեր առաջ ասել են՝ ի՞նչ անենք, նման ռեզոլյուցիաներ եղել են, Հայաստանը 30 տարի բան չի արել:

Ինքն արդեն իրեն նախապատրաստում է սցենարներին, որ ոչ մի բան չեն անելու. մենք էլ պետք է լավ գիտակցենք, որ Արցախի շրջափակումը ճեղքելու միակ հնարավորությունը մնացել է միայն 1992 թվականի սցենարը՝ ինչպես մեր պապերն ու հայրերն են արել:

Այդ հաջողության սցենարը պետք է կրկնենք, բայց դրա համար գործող իշխանությունները պետք է աշխատեն, ինչը չեն անում, և հակառակը՝ ինչ ուզում են արած լինել, արդյունքը տանում է նրան, որ սպասարկում են թշնամու շահերը»:

Մեր հստակեցմանը՝ այսինքն ունակ չե՞ն, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Երբ մարդն ունակ չէ, գիտակցություն ունի՝ ինձ մոտ չի ստացվում, զիջեմ ունակներին, այստեղ այլ բան է. այդքան անգամ դաս եք ստացել, որ ունակ չեք, ե՞րբ եք հասկանալու, որ այլևս հնարավորություն է պետք ստեղծել հանուն ազգի, թե չէ Երևանն էլ են էդպես տալու մի օր, որովհետև մեր թշնամին ասել է՝ Երևանն էլ եմ վերցնելու»: