ՆԱՏՕ-ն նոր ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա

Մանրամասներ

ՆԱՏՕ-ն նախատեսում է ուկրաինական զինտեխնիկայի վերանորոգման համար նոր ռազմական օբյեկտ կառուցել Լեհաստանի Ժեշուվ քաղաքի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Globe and Mail թերթը։

«Մենք պատրաստվում ենք տեխնիկական սպասարկման կենտրոն կառուցել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ, կանադական մեծ ներկայության պլաններ չկան»,- թերթին ասել է կանադացի մի պաշտոնյա՝ ընդգծելով, որ Կանադայից կոնտինգենտի մշտական ​​տեղակայում չի լինի։

Նա նշել է, որ կենտրոնի հիմնական խնդիրը լինելու է ուկրաինական տանկերի և այլ ռազմական տեխնիկայի վերանորոգումը։

Ավելի վաղ Ժեշուվի քաղաքապետ Կոնրադ Ֆիյոլեկը լեհական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն քաղաքում նոր ռազմաբազա կկառուցի, որտեղ մշտապես կտեղակայվեն ամերիկյան, բրիտանական և կանադական զորքերը։ Իսկ կանադացի և լեհ պաշտոնյաները հայտնել են, որ հաստատությունը լինելու է ոչ թե ռազմաբազա, այլ տեխնիկական և նյութատեխնիկական սպասարկման կենտրոն: