Կան տարաձայնություններ. Մենք Անկարայից պարզաբանում ենք ակնկալում. Կրեմլը՝ ռուս-թուրքական հարբերությունների մասին

Մանրամասներ

Կրեմլը հուսով է, որ այլ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ. բացի այդ, Կրեմլն Անկարայից պարզաբանում է ակնկալում թուրքական տարածքում գտնվող ուկրաինական «Ազով» ազգային գումարտակի հրամանատարներին Կիևին հանձնելու հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցչին խնդրել են գնահատել վերջին զարգացումները, մասնավորապես՝ թուրքական տարածքում գտնվող «Ազով»-ի հրամանատարների տեղափոխումը Կիև, ինչպես նաև Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարության մեկնարկը։

«Իհարկե, որպես ժամանակակից պետություն, Թուրքիան բացարձակ իրավունք ունի զարգացնելու հարաբերությունները ցանկացած երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Բայց, իհարկե, լինելով Թուրքիայի հետ գործընկեր, մենք ցանկանում ենք հուսալ, որ այդ հարաբերությունների զարգացումն ուղղված չի լինի մեր դեմ»,- ասել է նա։

«Իհարկե, մեր երկխոսության ընթացքում մենք ակնկալում ենք թուրքական կողմից պարզաբանումներ ստանալ կատարվածի վերաբերյալ»,- ասել է նա լրագրողներին։ Ռուսական կողմը, նրա խոսքով, այս դեպքը հաշվի կառնի հետագայում Անկարայի հետ ձեռք բերելիք պայմանավորվածություններում:

Կրեմլի խոսնակը ռուս-թուրքական հարաբերությունները բնութագրել է որպես «բավականին սերտ, զարգացած, բազմակողմանի և փոխշահավետ»:

«Կան որոշակի հարցեր, որոնց շուրջ մենք տարաձայնություններ ունենք»,- հավելել է նա։