Անձամբ ես Պուտինին չեմ զանգահարի, բայց եթե ինձ զանգի, կպատասխանեմ. Մակրոն

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպատասխանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգին։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ չի պատրաստվում անձամբ զանգահարել Պուտինին, քանի որ դրա համար պատճառներ չունի։

«Իհարկե, ես կվերցնեմ հեռախոսը»,- Franceinfo հեռուստաալիքի եթերում ասել է Էմանուել Մակրոնը, սակայն, նրա խոսքով, այժմ ինքը Վլադիմիր Պուտինին «զանգելու պատճառ չունի»։

Մակրոնը հավելել է, որ այս պահին Փարիզի և Մոսկվայի միջև երկխոսությունը կարող է վերսկսվել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո։ Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

«Եթե նա զանգի ինձ ինչ-որ բան առաջարկելու, ես կպատասխանեմ, քանի որ Ֆրանսիան միշտ եղել է միջնորդ տերություն»,- ասել է Մակրոնը։

Վերջին անգամ Պուտինի և Մակրոնի զրույցի մասին հաղորդվել է 2022 թվականի սեպտեմբերի 11-ին։ Բանակցությունների ընթացքում Մակրոնը կոչ էր արել Պուտինին դադարեցնել մարտերն Ուկրաինայում։ Հոկտեմբերին Կրեմլը բացատրել էր, որ նախագահների շփումները կրճատվել են, քանի որ Ֆրանսիան չի լսել ռուսական դիրքորոշումը։