Կա կոնսենսուս, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից․ Ադրբեջանը դրական է արձագանքել. փոխվարչապետ

Մանրամասներ

Ադրբեջանը դրական է պատասխանել դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման մասին մեր առաջարկին։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գրիգորյանը, սակայն, հայտնեց, որ դեռ չեն հստակեցրել հանդիպման օրն ու ժամը։

Փոխվարչապետի խոսքով՝ հանդիպումը մոտ օրերս տեղի կունենա․ և կքննարկվեն սահմանազատման հետ կապված հարցեր։

Հարցին, թե Հայաստանի տարածքով երթուղիները վերահսկվելո՞ւ են Հայաստանի օրենսդրությամբ, փոխվարչապետն արձագանքեց․ «Դա միանշանակ է»։

Անդրադառնալով ապաշրջափակմանը և նոյոմբերի 9-ի հայտարարությանը, որ ապաշրջափակված հատվածներում Ռուսաստանի սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացնելու, Գրիգորյանն ասաց․ «Գործառույթի իրականացման մասով դեռևս քննարկում տեղի կունենա»։

«Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացն սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։

Կարծում եմ՝ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով երկաթգիծն անցնում է։

Մյուս հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա։

Մեր հարթակի բոլոր մասնակիցները՝ եռակողմ աշխատանքի մասնակիցները, բոլորը կիսում են այդ ընկալումը», - նշեց Գրիգորյանը։