Վրաստանը որոշել է սահմանափակել 2013-ից շուտ արտադրված մեքենաների ներմուծումը

Մանրամասներ

«Մինչև 2013թ․ արտադրված մեքենաների ներմուծումը Վրաստան կսահմանափակվի»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք որոշեցինք երկրում ներդնել ավտոմեքենաների համար նախատեսված «Եվրո-5» ստանդարտը: Գործնականում դա նշանակում է, որ մինչև 2013թ․ արտադրված մեքենաների ներկրումը սահմանափակվելու է։

Մեր ցանկությունն է, որ մարդատար ավտոմեքենաների կանոնակարգը ուժի մեջ մտնի 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավտոբուսների և բեռնատարների համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից։ Մենք դեռ քննարկում ենք դա»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ նշված ժամկետներից հետո երկրում այլևս հնարավոր չի լինի գրանցել «Եվրո-5» ստանդարտին չհամապատասխանող մեքենաներ։ Ղարիբաշվիլին նաև հայտնել է, որ կարգելվի Վրաստանից կատալիզատորների արտահանումը։