Զգալիորեն աճել են սննդամթերքի համաշխարհային գները

Մանրամասներ

ա

Պարենի համաշխարհային գների ինդեքսը 2021 թվականին տարեկան կտրվածքով աճել է միանգամից 27.6 կետով եւ կազմել 125.7 կետ, որն ամենաբարձրն է 2011 թվականից ի վեր, երբ ցուցանիշը 131.9 կետ էր կազմում, ասվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունների մամուլի հաղորդագրության մեջ (FAO):

Համաշխարհային գների ինդեքսը դեկտեմբերին կազմել է 133.7 կետ՝ նոյեմբերի 134.9 կետից հետո։  FAO-ի հացահատիկի գների ինդեքսն անցյալ տարի աճել է 8 27.2 տոկոսով՝ հասնելով 131.2 կետի, եգիպտացորենի եւ ցորենի գներն աճել էին համապատասխանաբար 44.1 տոկոսով եւ 31.3 տոկոսով։

Բուսական յուղի գների ինդեքսը 2021 թվականին բարձրացել է միանգամից 1.66 անգամ՝ հասնելով 164.8 կետի, որն ամենաբարձր միջին տարեկան արժեքն է։ FAO-ի մսի գների ինդեքսի միջին արժեքը դեկտեմբերին գրեթե անփոփոխ է մնացել, սակայն 2021 թվականի վերջին այն 12.7 տոկոսով բարձր է եղել, քան 2020 թվականին։

Կաթնամթերքի գների ինդեքսն ամբողջ անցած տարվա ընթացքում աճել է 16.9 տոկոսով՝ հասնելով 119 կետի՝ պայմանավորված սահմանափակ առաջարկի պայմաններում ներմուծման մեծ պահանջարկով, հատկապես՝ Ասիայից։ Կարագի եւ կաթի փոշու գնի աճը շարունակվել է համաշխարհային ուժեղ պահանջարկի եւ սահմանափակ առաջարկի պատճառով՝ Արեւմտյան Եվրոպայում եւ Օվկիանիայում արտադրության ցածր ծավալների պատճառով, հայտնում է FAO-ն: