Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ում

Մանրամասներ

Անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։

Մինսկում ընթացող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության եւ լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:

Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի եւ ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի եւ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:

Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսեւորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ եւ միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ պարտավորություններ ստանձնել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման հարցում»,-ասել է Սիմոնյանը: