Միանշանակ մենք ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգում չենք լինելու, դա բացառվում է. Արմեն Խաչատրյան

Մանրամասներ
արմեն խաչատրյան

Իսկ դուք որպես ՀՀ քաղաքացի տեսե՞լ եք, որ ՀԱՊԿ-ը օգնել է մեզ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան սուտ է անվանել պնդումը, թե հայ-ադրբեջանական սահմանին սրման ժամանակ ՀԱՊԿ-ը չի օգնել Հայաստանին:

«Կարո՞ղ եք ասել՝ երբ են օգնել: Հայտարարություններ են եղել, որ ամոթ է Հայաստան եւ Ադրբեջան, դադարեցրեք կռիվը: Ադրբեջանի ակնհայտ հարձակման ժամանակ մեղադրում էին եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, կոչ էին անում դադարեցնել ռազմական գործողությունները այն դեպքում, երբ մենք հազիվ պաշտպանվում էինք, իսկ նրանք առաջ էին գալիս; Հետո էլ ասացին՝ տեղյակ չենք՝ ով է ում վրա հարձակվել եւ ում տարածքում են պտերազմական գործողությունները գնացել, տեղյակ չենք՝ Ջերմուկը, Գորիսը ո՞ր տարածքում է»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական ահմանը պետք է որոշեն երկու կողմերը, Արմեն Խաչատրյանը դա անընդունելի հայտարարություն համարեց. «Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահման ունի, այդ սահմաններով մտել ենք ՀԱՊԿ-ի մեջ, ՀԱՊԿ-ը ընդունել է դա, իսկ հիմա ասում են՝ դե տեսնենք, թե դուք ինչ նոր սահման եք գծում: Ոչ մի նոր սահման էլ չենք գծում, սահմանը կա: Հիմա ես եմ ուզում ՀԱՊԿ-ին հարց տամ, բա որ Հայաստանը մտնում էր ՀԱՊԿ, իր պատասխանատվության գոտին ո՞րն էր, մենակ Երեւա՞նն են վերցրել իրենց պաշտպանության տակ»:

Հարցին՝ եկե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «ՀԱՊԿ-ը Հայաստանի համար եղել է անվտանգային համակարգ, բայց չի գործում։ Եթե ՀԱՊԿ-ը մեզ համար անվտանգային համակարգ է եղել, բայց այդ համակարգը չի գործում ու մենք տեսնում ենք, որ չի էլ կարող գործել, միանշանակ, այդ անվտանգային համակարգում մենք չենք լինելու, բացառվում է: Թե երբ դուրս կգանք, հետո ինչ կհայտարարենք, ինչ կանենք, բայց մենք ՀԱՊԿ չենք մտել տնտեսական շահերի կամ այլ նպատակների համար: Մտել ենք կոնկրետ մեր անվտանգությունը ապահովելու համար: Եթե այդ անվտանգությունը չի ապահովում, դեռ ասում է՝ սահմանենրի հետ կապված կասկած ունեմ, եթե մի անվտանգային համակարգ ասում է, որ կասկած ունի ՀՀ սահմանների նկատմամբ՝ մենք այդ անվտանգային համակարգում անելու բան չունենք»: