ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Մանրամասներ
մարիա կարապետյան հապկ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԱԺ-ում անդրադարձավ Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանը Հայաստանի չմիանալուն։

Նա ընդգծեց՝ առանց այդ հայտարարության, Հայաստանից արդեն իսկ հնչել են ահաբեկչությունը դատապարտող կոչեր. «Ահաբեկչությունը դատապարտող տեքստի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն դատապարտելի է, և Հայաստանից հնչել են դա դատապարտող հայտարարություններ։ Եթե անհրաժեշտություն լինի, մենք մեր դիրքորոշումը այս հարցում կարող ենք վերահաստատել։ Այստեղ որևէ խոչընդոտ չկա։ Ահաբեկչությունը մշտապես դատապարտելի է»,- ասաց նա։

Վերջինս հիշեցրեց՝ ՀԱՊԿ-ն խնդիր ունի մատնանշել և կողմնորոշվել Հայաստանի սահմանի հարցում․ «Քանի դեռ դա չի արվել, ապա քայլ ակնկալել Հայաստանից, տեղին չէ, իրավիճակը ճշգրիտ մնում է այն տեղում, որը արձանագրել է ՀՀ վարչապետը»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ նախագահների մակարդակով․ «Պետք է հասկանանք՝ խոսում ենք ցանկության, թե ողբերգության մասին, թե ինչ-որ հարթակի, որովհետև եթե դրանով է որոշվում վերաբերմունքը ու դատապարտումը, կարծում եմ՝ ուրիշ բաներից ենք խոսում։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա չեմ կարծում, որ այդ հայտարարությանը չմիանալը որևէ կերպ կարող է արտահայտել Հայաստանի վերաբերմունքը ահաբեկչության նկատմամբ»։