Մոլդովան հրաժարվում է ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի մի մասից

Մանրամասներ

Մոլդովայի իշխանությունները վերլուծում են Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում ստորագրված համաձայնագրերը, «ինչից հետո առաջարկներ կանեն առանձին փաստաթղթերից դուրս գալու վերաբերյալ: Jurnal հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Սանդուի խոսքով՝ «հարյուրավոր» համաձայնագրեր են ստորագրվել վերջին 30 տարվա ընթացքում։

«Ամեն տարի փաստաթղթեր էին ստորագրվում, որոնցից շատերը պետք չեն եղել, հիմա այդ ամենը վերլուծվում է», – նշել է նա։

Միևնույն ժամանակ նախագահը հիշեցրել է, որ Մոլդովայի ռազմավարական խնդիրը եվրաինտեգրումն է։

«Ես խորապես հավատում եմ, որ Մոլդովան կարող է Եվրամիության անդամ դառնալ մինչև այս տասնամյակի վերջը», – ասել է Սանդուն։

Ավելի վաղ արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարել էր, որ Մոլդովայի կառավարությունն սկսել է ԱՊՀ-ի շրջանակներում ստորագրված համաձայնագրերի դենոնսացիայի գործընթաց։ Ներկայում քննարկվում է Համագործակցության կազմում մնալու նպատակահարմարության հարցը։

Քիշնևը մտահոգված է հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի փորձերով։ Մոսկվան հերքում է մեղադրանքները։