Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ի շրջանակներում ևս երեք համաձայնագիր

Մանրամասներ

Մոլդովայի կառավարությունը չեղարկել է փոքր ձեռնարկատիրության աջակցության և զարգացման, միասնական կրթական տարածքի ստեղծման, ինչպես նաև հատուկ տեխնիկայով սահմանապահ զորքերի արտոնյալ մատակարարման համաձայնագրերը, որոնք Քիշնևը ստորագրել էր ԱՊՀ-ի շրջանակներում։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Մոլդովայի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Ալայբան կառավարության նիստում ասել է, որ ձեռնարկատիրության աջակցության համաձայնագիրը հակասում է եվրոպական ուղղությամբ զարգանալու՝ Մոլդովայի ցանկությանը, իսկ կրթության նախարար Անատոլի Տոպալեն և ներքին գործերի նախարար Աննա Ռևենկոն կարծում են, որ կրթության և սահմանապահների մասին համաձայնագրերը «կորցրել են արդիականությունը»:

«Մենք կարող էինք համագործակցել ԱՊՀ-ի հետ, եթե չլիներ մեր ընկերությունների նկատմամբ հարգանքի բացակայությունը: Հենց ինչ-որ մեկի մտքով ինչ-որ բան է անցնում, սկսում են արգելել մեր համեղ խնձորները, մեր լավ գինին, մեր որակյալ միսը: Ուստի մեզ համար իմաստ չունի լինելու այն համաձայնագրերում, որոնք չեն կիրառվում», – պարզաբանել է այս որոշման պատճառները վարչապետ Դորին Ռեչանը։

ТАСС-ը նշում է, որ Մոլդովայի վերաբերմունքն ԱՊՀ-ի նկատմամբ սկսեց փոխվել 2020 թվականի նախագահական ընտրություններում Մայա Սանդուի հաղթանակից հետո, որը ոչ մի անգամ չի մասնակցել կազմակերպության գագաթնաժողովներին։

Վերջին երկու ամսվա ընթացքում խորհրդարանը որոշում է ընդունել չեղյալ հայտարարել ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կոնվենցիան՝ հետ կանչելով իր ներկայացուցչին։ Բացի այդ, Մոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերից:

Կառավարության տվյալներով՝ Մոլդովան Համագործակցության շրջանակներում ստորագրել է, ընդհանուր առմամբ, 330 համաձայնագիր: