Քննիչ հանձնաժողով են հրավիրվել Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը

Մանրամասներ

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծումից հետո անմիջապես որոշվել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գա ու պատասխանի պատգամավորների հարցերին։ Ըստ նրա, սակայն, դեռևս վարչապետին պաշտոնական հրավեր չի ուղարկվել։

Քոչարյանը տեղեկացրել է, որ ըստ հերթականության է ուղարկվելու հրավերը․ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանից հետո Ջալալ Հարությունյանի հետ է ինքը զրուցել, և հիմա իրականացվելու է հանձնաժողովի ու ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը. «Չասեմ՝ ինչ ձևաչափով ենք աշխատանքն իրականացնելու։ Պատահական չէ պաշտոնյաների ընտրության հերթականությունը։ Ջալալ Հարությունյանը համաձայնություն տվել է և գալու է ԱԺ»։

ՔՊ-ական պատգամավորը նշեց՝ բաց հանդիպումներ էլ կարող է լինեն. «Այսօրվա քննարկման ժամանակ էլ որոշակի դրվագներ հնչեցվեցին»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ հրավիրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն այժմ կալանքի մեջ է։ Նախկին նախարարը, սակայն, վերապահում ունի. «Վիլեն Գաբրիելյանին խնդրել եմ, որ հրավիրի պարոն Տոնոյանին։ Հրավերներ ենք ուղարկել նաև Տիրան Խաչատրյանին, Մովսես Հակոբյանին, որի դռներն այնքան շատ են․․․ Բոլոր հասցեներով ուղարկել եմ հրավեր»։