«Հայաստան» խմբակցության պատգամավորը հարձակվել է հանձնաժողովի նախագահի վրա, հարվածել է ու փախել․ Կոնջորյանի վարկածը

Մանրամասներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի իր վարկածը:

Նա Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:

Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ «Հայաստան» խմբակցությունից հայտնել են, որ Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ են եղել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գոռգոռոցներ են լսվել։ Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից: