Print this page

Միրզոյանը գործնականում խոստովանում է, թե ինչպես է Ադրբեջանը հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում. Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը «Դոյչե Վելլեի» հետ հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը պահանջում էր Հայաստանով անցնող եւ դեպի Նախիջեւան տանող երկաթուղու երկայնքով ռուսական ներկայություն, իսկ իրենք՝ Հայաստանի իշխանությունը, դեմ էին «արտատարածքային» տրամաբանությանը: Միրզոյանը ասում է, որ Թրամփի ուղին միջանցք չէ:

Սա, իհարկե, ներկայացնում եմ որոշակի համառոտ:

Միրզոյանը գործնականում կամա, թե ակամա խոստովանում է, թե Ադրբեջանն ինչպես է հմտորեն «սադրել» նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի արգելափակում, այդպիսով իր համար ստեղծելով հայտարարության մյուս՝ դրան նախորդող ութ կետերի հարցում իր մանեւրի դաշտն ու հետագայում դրանց ապամոնտաժման միջավայրը:Ես այս մասին խոսել եմ քանիցս, որ Բաքուն չի եղել նոյեմբերի 9-ի 9-րդ կետի շահառու: Այդ կետի չկատարման առանցքային շահառուները եղել են հենց Ադրբեջանն ու Թուրքիան, բացի, իհարկե,  Արեւմուտքից: 

Իսկ ինչպե՞ս պետք էր տորպեդահարել այդ կետը: Այո, մի կողմից նպաստել Հայաստանում քարոզչական լայն ալիքին, որն այդ կետը ներկայացնում էր որպես «միջանցք», այդպիսով ըստ էության Փաշինյանին  ստիպելով կա՛մ հեռանալ այդ կետից, կա՛մ օգնելով հեռանալ: Իսկ մյուս կողմից էլ դնել այնպիսի պահանջներ, որոնք, այսպես ասած, կլինեին անընդունելի: Հնարավոր երկաթուղու կամ ճանապարհի երկայնքով ռուսական ներկայության մասին ադրբեջանական պնդումը հենց այդ շարքից է:

Հարց կառաջանա, իսկ ռուսնե՞րը: Ի՞նչ ռուսները: Եթե, օրինակ, Ադրբեջանն ասում է, թե՝ ոչ, ես չեմ վստահում Հայաստանին եւ իմ երաշխիքը ռուսական ներկայությունն է, ի՞նչ պետք է անեին ռուսները, Բաքվին համոզեին, որ հրաժարվի՞ այդ մոտեցումից: Իհարկե ոչ, որովհետեւ ռուսները ուկրաինական ուղղությամբ լիցքավորվող զարգացումների հարցում ունեին Բաքվի հետ դեռեւս անելիք իրենց առեւտուրը, որ ամբողջացրին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրով՝ Ուկրաինա ներխուժելուց երկու օր առաջ:

Հետեւաբար, ռուսներն ավելի շատ մտածելու էին իրենց համար այդ մեծ խնդրի, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետը փրկելու մասին: Այդ կետը մեզ էր պետք փրկել՝ Արցախը պահելու համար, կամ Արցախը պահելու իրատեսական հնարավորությունները պահպանելու համար:

Մինչդեռ մենք չենք «փրկել» 9-րդ կետը, որը, կրկնում եմ, բացարձակապես արտատարածքային միջանցքի մասին չէր: 9-րդ կետը ոչ միայն որեւէ առումով պակաս չէր, այսպես կոչված, Թրամփի ուղղու տրամաբանությունից, այլ ին- որ առումով նաեւ ավելի բարենպաստ էր առնվազն ձեւակերպումների իմաստով: Թե ինչով, կներկայացնեմ հաջորդիվ»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24