Լիտվայի կառավարությունը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Բելառուսին` այդ երկրի իշխանությունների կողմից միգրանտների լայնածավալ մուտքի համար, ասվում է Լիտվայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2021 թվականից ի վեր Լիտվան բախվում է «Բելառուսից անօրինական միգրանտների հոսքի աննախադեպ աճի»։ Լիտվայի պետական հաստատությունները հավաքել են ապացույցներ, որոնք հաստատում են Բելառուսի իշխանությունների ներգրավվածությունը միգրացիոն հոսքերի կազմակերպման գործում, պնդում է այդ երկրի ԱԳՆ-ն։
Այդ նպատակով Բելառուսի իշխանությունները, ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, ավելացրել են թռիչքների թիվը Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից, կազմակերպել մուտքի արտոնագրերի և կացարանների տրամադրում ժամանող միգրանտների համար, իսկ ժամանելուն պես նրանցից շատերին հասցրել են Լիտվայի սահման, որը նրանք ստիպված են եղել ապօրինի հատել։
Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բելառուսի սահմանային ծառայությունները հրաժարվել են համագործակցել Լիտվայի իշխանությունների հետ՝ անօրինական միգրացիան կասեցնելու նպատակով։ Լիտվան այս գործողությունները դիտարկում է որպես բելառուսական իշխանությունների փորձ՝ օգտագործելու միգրացիան որպես Լիտվայի և Եվրամիության վրա քաղաքական ճնշման միջոց՝ ի պատասխան Բելառուսի ժողովրդավարությանը նրանց աջակցության։
Նշենք, որ 2024 թվականին Լիտվան նաև խնդրել է Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) հետաքննություն սկսել Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունների՝ բռնի տեղահանման և ֆիզիկական անձանց հետապնդման, ինչպես նաև դաժան վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ սահմանային միգրացիոն ճգնաժամը ծավալվեց 2021 թվականի գարնանը, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հազարավոր բնակիչներ, ովքեր ժամանել էին Բելառուս, փորձեցին հասնել Լիտվա և Լեհաստան: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Մինսկը չի խանգարի միգրանտների տարանցմանը Եվրոպա, քանի որ, նրա խոսքերով, եվրոպական երկրները «հիբրիդային պատերազմ են սանձազերծել» Բելառուսի դեմ։