Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արդյունաբերությունը ներկայացնող գերագույն մարմինը՝ ՀամաՀնդկաստանի թանկարժեք քարերի և զարդերի ներքին խորհուրդը (GJC), ոլորտի անդամներին կոչ է արել դադարեցնել գործարքները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դրա մասին հայտնել է հնդկական The Hindu պարբերականը։
«Այս վճռական գործողությունները ՝ 26 հնդիկ քաղաքացիական անձանց կյանք խլած Փահալգամի ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանին Թուրքիայի կողմից ցուցաբերված հանրային աջակցության հետևանք են։ Այդ դիրքորոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ազգային անվտանգության և առևտրային հարաբերությունների էթիկական ուղղության վերաբերյալ», -ասված է հայտարարության մեջ։
Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի միության նախագահ Ռաջեշ Ռոկդեն ընդգծել է. «Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական իրերի ոլորտը միասնական է ազգի աջակցության համար: Բոլոր ոսկերիչներին կոչ ենք անում դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր գործարքները: Առևտուրը դադարեցնելով՝ մենք միասնության և վճռականության հստակ ուղերձ ենք հղում՝ ամրապնդելով մեր արդյունաբերության դերը որպես ազգային հպարտության հենասյուն»:
«Մնալով հաստատակամ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գործունեությունը դադարեցնելու մեր վճռականության մեջ՝ մենք ցույց ենք տալիս, որ երկրի նկատմամբ մեր նվիրվածությունը գերակշռում է առևտրային շահերին»,- հայտարարել է. GJC-ի փոխնախագահ Ավինաշ Գուպտան: