Print this page

«Սա այն դեպքն է, որ հաճույքով ենք ֆինանս տրամադրում». Փաշինյանը՝ երեխա ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագրի մասին

By Հունիսի 26, 2025 19

Նախագծով առաջարկում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված վճարումները կատարելու համար 2025 թվականի երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել լրացուցիչ ֆինանսական միջոցներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«Ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցներըսպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված հանձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ 300 միլիոն դրամ, շուրջ 410 շահառու ընտանիքների համար։

Հունիսի մեկի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։

Ծրագրի դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կունենանք ևս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնել»,–ասաց նա։

Փոխնախարարը հավելեց, որ ծրագիրը ունի երկու բաղադրիչ. «Առաջին բաղադրիչով, եթե ընտանիքը ունի արդեն առնվազն երկու անչափահաս երեխա և ցանկանում է տուն ձեռք բերել որեւէ մարզային բնակավայրում, այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով։ Երկրորդ բաղադրիչն այն է, որ երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում մինչև 500 հազար դրամ և երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Դե սա այն դեպքն է, որ մենակ հաճույքով կկայացնենք ֆինանսական միջոցների ավելացման որոշումը։ Խոսքը ընտանիքում երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասին է, ինքը բազմաշերտ ծրագիր է, երկու դեպք է նախատեսված։

Վարչապետը ցավով նկատեց, որ ժողովրդագրության ոլորտում կան խնդիրներ. «Ցավոք սրտի ծնելիության ցուցանիշները նվազում են և մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում։

Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ ծրագիրը պահանջված է, բայց մենք հույս ունենք, որ այս և մյուս ծրագրերի և ընդհանուր առմամբ երկրում մթնոլորտի բարելավման և ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահություն կառուցելու արդյունքում, մենք կկարողանանք ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել։

Սա, իհարկե, տեղի չի ունենա մեկ-երկու գործողությամբ։ Մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն և դա պետք է հետևողականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել, ինչը չի նշանակում, թե այն որոշումները, որ այսօր կայացրել ենք, սպառիչ են»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ հավելեց. «Մեր համոզմունքն այն է, որ եթե, օրինակ, նախադպրոցական կրթությունը, հանրակրթությունը չլինեն հասանելի հանրապետության բոլոր բնակավայրերի, բոլոր երեխաների համար, մենք խնդիրը չենք լուծի, որովհետև իրականում այդ երևույթը, երբ որ ժողովրդագրությունը ինքը բազմաշերտ երևույթ է և նաև մարդիկ բազմաթիվ գործոնների հաշվառումով են կայացնում որոշումներ և իհարկե երկրում ընդհանուր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, անվտանգային միջավայրը և ապագայի նկատմամբ հավատը շատ էական դեր ունեն այս գործընթացներում։ Այնպես որ այստեղ մենք մեր գործունեությունը հետևողական պետք է շարունակենք իրադրության բարելավման ուղղությամբ»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24