Print this page

Հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճամփաներին. Պապոյան

By Հունիսի 16, 2025 19

Հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։

Նա հիշեցրեց, որ ԱԳՆ–ն արդեն արտահայտել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ հույս ունենալով, որ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։ Տարածաշրջանում կայունությունը շատ կարևոր է բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

«Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում, ընդ որում` ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։ Սրանք գործոններ են, որոնք գրեթե մեր վերահսկողությունից դուրս են, բայց հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել բարեկամ Իրանի տարածքով, ինչպես նախկինում», – հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Դրան հաջորդեց Իրանի հակահարձակումը Իսրայելի վրա։

Այդ օրվանից փոխադարձ հրթիռակոծությունները շարունակվում են։

Ըստ ԶԼՄ–ների` իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում 220 մարդ է մահացել։

Rate this item
(0 votes)

Latest from Live24