Միջերկրական ծովում ավելի քան 2200 փախստական է մահացել 2018 թվականի ընթացքում

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել

2018 թվականի ընթացքում Միջերկրական ծովում մահացել է ավելի քան 2275 փախստական, որոնք փորձում էին Եվրոպա  հասնել:  Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ իրավիճակն առավել ծանր է Լիբիայից Իտալիա ընկած ծովային երթուղու հատվածում: Հայտնի է, որ եթե 2017 թվականին ծովում մահացել է ճանապարհ ընկած ամեն 37 փախստականից մեկը, 2018-ին մահացել է ծով դուրս եկած յուրաքանչյուր 14 փախստականից մեկը:
Մարդասիրական կազմակերպությունները համոզված են, որ առկա տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, և մահացած փախստականների թիվն իրականում շատ ավելի մեծ է: Բանն այն է, որ միշտ չէ, որ հաջողվում է հայտնաբերել խորտակված բոլոր նավերն ու զոհերի մարմինները:
Ընդհանուր առմամբ 2018 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա է հասել մոտ 140 000 փախստական, ինչը վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է: