ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովը հետաքննություն կսկսի Ջամալ Խաշոգջիի սպանության գործով

Հանձնաժողովը ստեղծվել է հատուկ այս նպատակով

ՄԱԿ-ում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն արդեն այս ամիս կսկսի հետաքննել ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը:
Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների քննությամբ զբաղվող հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը հայտնել է, որ անձամբ կգլխավորի այդ հետաքննությունը:
Նա նշել է, որ նախ հունվարի 28-ից փետրվարի 3-ը կայցելի Թուրքիա՝ փորձելով ուսումնասիրել սպանության հանգամանքներն ու դրանում «անձանց և պետությունների պատասխանատվության չափն ու բնույթը»:
Այնուհետև Կալամարդը թեմայի վերաբերյալ մանրամասն զեկույց կներկայացնի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նիստին:
Զեկուցողը նաև մանրամասնել է, որ հետաքննության շրջանակում իր ենթակայության տակ կաշխատեն դատաբժշկական փորձաքննությունների գծով երեք մասնագետ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը սպանվել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով: